ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ամանորյա ուղերձ է հղել, որում ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա և ավարտին մոտեցավ 2022 թվականը: Այն դժվար և մարտահրավերներով լի տարի էր բոլորիս համար: Աշխարհը պատերազմների և չդադարող ցնցումների մեջ է. մեր աչքի առաջ փոխվում են հարյուրամյակներով գործող կանոններ, նոր աշխարհակարգ է ձևավորվում, և մեզ այդ ամենը բնական է՝ չի շրջանցում:
Այո՛, 2022 թվականին մենք ունեցանք բազմաթիվ ձեռքբերումներ տնտեսության, դիվանագիտության, պետականաշինության և այլ ոլորտներում, բայց չլուծված են մնում բազմաթիվ կարևոր հարցեր. դեռ ամբողջությամբ լուծված չէ մեր ռազմագերիների հարցը, Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած հակառակորդի ուժային միավորների դուրսբերման հարցը և ամենաարդիականը՝ Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը. նույնիսկ այս պահին մեր 120.000 հայրենակիցները դեռ պատանդի կարգավիճակ ունեն իրենց տներում: Այսինքն՝ դեռևս լուծված չէ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Սա է մեր առաջնային մարտահրավերը: Հենց այս հարցին են միտված եղել անցնող տարվա հիմնական աշխատանքները, և այդ ուղղությամբ ենք մենք աշխատելու գալիք 2023 թվականին, քանզի ես հավատում եմ, որ մեր առաքելությունն է մեր երեխաներին ժառանգություն թողնել խաղաղ հայրենիք, և մենք միասին դրան հասնելու ենք:
Եվ այսօր՝ 2022 թվականի վերջին օրը, ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ միասին իրականացնելու ենք մեր այս առաքելությունը:
Թո՛ղ 2023 թվականը մեր օջախներին բարեկեցություն բերի, թո՛ղ մեր զինվորները շուտ տուն վերադառնան և թո՛ղ մեր տներից սերն ու խինդն անպակաս լինեն: Թո՛ղ գալիք տարին բոլորիս երջանկություն բերի և երազանքների իրականացման տարի լինի:
Աստված մեզ օգնական:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: