Հրավառ նյութերի օգտագործումը Ամանորին ընդառաջ ավելանում է: Դրանց վաճառքի համար տնտեսվարողը պետք է լիցենզիա ունենա, իսկ անչափահասներին վաճառքը օրենքով արգելվում է: Այս պահանջները, սակայն, միշտ չէ, որ պահպանվում են: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել հրավառ նյութերի վաճառքի և ներկրման սահմանափակումների վերաբերյալ նախագիծ, որի ընդունման դեպքում սա կլինի վերջին Ամանորը, երբ քաղաքացիները հնարավորություն կունենան անարգել գնել ճայթուկներ և հրավառության պարագաներ:
Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այս նախագծով մենք նախ սահմանափակում ենք հրավառ նյութերի ազատ վաճառքը և սահմանում ենք միայն հրավառություններ, որ կիրականացվեն հատուկ լիցենզավորված ընկերությունների կողմից և հատուկ օրերին, դրանք կարող են լինել տոնական օրերին կամ հատուկ միջոցառումների ժամանակ:
Այսօր սահմանափակում կա միայն հրավառ նյութերի կիրառման վերաբերյալ, թե որտեղ և երբ կարելի է օգտագործել: Սակայն, ըստ Սիսակ Գաբրելյանի, քանի դեռ դրանք ազատ վաճառվում են, անհնար է վերահսկել: Նախագիծը կլուծի այդ հարցը: Անձնական միջոցառումների ժամանակ այլևս թույլ չի տրվի օգտագործել հրավառ նյութեր: Կիրառութունը կլինի տոնական օրերին և հատուկ միջոցառումներին, այն էլ` միայն տեղական ինքնակառավարման մարմինների մշակած ստանդարտներով՝ հատուկ մասնագիտացված ընկերությունների կողմից:
Սիսակ Գաբրիելյան - Մենք կարծում ենք, որ շրջանառության մեջ դրված նախագիծը էականորեն կնվազեցնի, եթե ոչ ամբողջությամբ կվերացնի հանրության շրջանում առկա այն դժգոհությունը, որ ցանկացած վայրում և ցանկացած ժամի մեր որոշ քաղաքացիներ կիրառում են այդ հրավառությունները և անհարմարություն են պատճառում քաղաքացիներին:
Սիսակ Գաբրիելյանը նշում է՝ ճայթուկները պակաս վտանգավոր չեն, քան՝ հրավառության համար նախատեսված նյութերը: Ոչ ճիշտ օգտագործման դեպքում հրավառ նյութերը հանգեցնում են վնասվածքների, որից տուժում են հիմնականում երեխաները:
«Հերացի» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար Գայանե Ստեփանյանի խոսքով՝ ճայթուկներից, հրավառություններից տուժածների մի մասը ամբուլատոր բուժօգնություն է ստանում, սակայն, լինում են ծանր դեպքեր, երբ արդեն բուժօգնությունը մի քանի օր է տևում՝ մինչև վիրահատական բուժումներ:
Գայանե Ստեփանյան («Հերացի» հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության բաժնի ղեկավար) - Գալիս են տարբեր աստիճանի վնասվածքներով, ամենածանրերը աչքի վնասվածքներն են, կարող են մինչև կուրություն առաջացնել: Ամենահաճախ հանդիսացողը դաստակների վնասվածքներն են, պատռած վերքերի, բեկորային վնասվածքների և դեմքի շրջանի տարբեր բեկորային և այրվածքային վնասվածքները:
Հրավառ նյութերի օգտագործման սահմանափակումների նախագիծն, ըստ ամենայնի, հունվար-փետրվարին կլինի Խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում: Նախագծի ընդունումից հետո տնտեսվարողներին կտրվի անցումային ժամանակ՝ առնվազն 6-7 ամիս՝ արդեն գնած ապրանքն իրացնելու համար:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան