ԻՐԱՆԻ ԲԱՆԱԿԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ
Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Օմանի ծոցը Պարսից ծոցին կապող Հորմուզի նեղուցում՝ հայտնում է Tasnim գործակալությունը։ «Զոլֆաքար 1401» վարժանքները կրում են «Ինքնավստահություն, ուժ, կայուն անվտանգություն» կարգախոսը։
Իրանի բանակի փոխհրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ զորավարժություններին ներգրավվել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ստորաբաժանումների մեքենայացված գնդեր։
Վարժանքների նպատակն է ղեկավարման հմտությունների բարելավումը, ռազմական գործողությունների պլանավորումը, դրանց ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի օգտագործման մակարդակի բարձրացումը:
Սայարիի խոսքով՝ զանգվածային զորավարժությունները նաև հիշեցում են տարածաշրջանի պետություններին, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Իրանը արտաքին ուժերի կարիքը չունի։
ԱՆԿԱՐԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՈՒԺԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍԻՑ
Մոսկվայում Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով վերջերս կայացած բանակցություններից հետո Անկարան համաձայնել է դուրս բերել թուրքական ուժերը Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներից և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները:
Ըստ տեղեկությունների՝ ձեռք բերված պայմանավորվածությունների «պատշաճ կատարումն ապահովելու նպատակով» ստեղծվել են հատուկ հանձնաժողովներ:
Լրատվամիջոցները նշում են նաև, որ եռակողմ հանդիպման մասնակիցները համաձայնել են, թե Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված քրդական կազմավորումները «ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներն են և Սիրիայի ու Թուրքիայի համար ամենամեծ վտանգն են ներկայացնում»։
Կողմերը քննարկել են նաև Սիրիայի արևմտյան և արևելյան շրջանները կապող ռազմավարական M4 մայրուղու բացման վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածության իրականացման ընթացքը։
ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԿԹՈՒՅԼԱՏՐՎԻ ՎՃԱՐԵԼ ԱՐՏԱՐԺՈՒՅԹՈՎ
Վլադիմիր Պուտինը հրամանագրով թույլ է տրվել ոչ բարեկամական երկրների հետ արտարժույթով հաշվարկներ կատարել ռուսական գազի մատակարարումների դիմաց պարտքը վճարելու կամ գանձվելու դեպքում: Փաստաթուղթը լրացնում է մեկ այլ հրամանագիր, որի համաձայն ոչ բարեկամական պետությունները ռուսական գազի դիմաց պետք է վճարեն ռուբլով։
Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները ավելի վաղ պայմանավորվել էին գազի շուկայի կարգավորման մեխանիզմի ստեղծման մասին։ ՌԴ նախագահը նշել էր, որ նավթի և գազի գների վարչական կարգավորման փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, իսկ Մոսկվան, անհրաժեշտության դեպքում, համապատասխան քայլեր կձեռնարկի:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում վերջին զարգացումները: Նա տեղեկացրել է, որ Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը: Դժվարին իրավիճակ է մասնավորապես Բախմուտ, Սոլեդար և Կրեմեննայա բնակավայրերում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի Զինված ուժերը պահում է դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում: Զելենսկին հավելել է, որ ամենահրատապ խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելն է, ինչը Կիևը բարեհաջող իրականացնում է:
«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ մենք էլեկտրամատակարարումն ապահովելու հստակ ռազմավարություն ենք մշակել։ Այն իրականացնելու համար, իհարկե, ժամանակ է պետք։ Սա գալիք տարվա ամենակարևոր խնդիրներից մեկն է»,- ընդգծել է Զելենսկին։