ՄԱՀԱՑԵԼ Է ՀՌՈՄԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՊ ԲԵՆԵԴԻԿՏՈՍ 16-ՐԴԸ
96 տարեկանում մահացել է Հռոմի նախկին Պապ Բենեդիկտոս 16-րդը՝ հայտնում են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը տեղեկացրել էր, որ Բենեդիկտոս 16-րդը առողջական լուրջ խնդիրներ ունի:
2013 թվականի փետրվարին Բենեդիկտոս 16-րդը հայտարարեց, որ առողջական վիճակով պայմանավորված հրաժարական է տալիս՝ «հանուն եկեղեցու բարօրության»: Նա 1415 թվականից ի վեր առաջին Պապն է, որը կամավոր է լքել գահը։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉՎԵՐԹՆԵՐ ԵՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՎ ՉԵՂԱՐԿՎԵԼ
Ռուսաստանում եղանակային վատ պայմանների պատճառով դեկտեմբերի 31-ին Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում 42 չվերթ հետաձգվել է, 61-ը՝ չեղարկվել:
«Վնուկովոյում» 14 չվերթ հետաձգվել է, 5-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» 21 չվերթ է հետաձգվել, 1-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» 55 չվերթ չեղարկվել է, 7-ը հետաձգվել։
ԱՔԱՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Թուրքիայի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների միջև քննարկումները կշարունակվեն և ավելի ինտենսիվ կդառնան՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 28-ին Մոսկվայում սիրիացի գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ նոր շփումների ժամկետներ դեռ չեն քննարկվել։
Նա մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի մեկ երրորդը վերահսկում են ահաբեկչական խմբավորումները: Աքարը չի բացառել, որ Դամասկոսը և Անկարան կարող են համատեղ գործողություն անցկացնել՝ նրա խոսքով՝ մաքրելու Սիրիայի հյուսիսային շրջանները ահաբեկիչներից։ Նախարարը հավելել է՝ կշարունակեն անել հնարավորը՝ Թուրքիայի շահերը պաշտպանելու և անվտանգությունն ապահովելու համար:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով վերջերս կայացած բանակցություններից հետո Անկարան համաձայնել է դուրս բերել թուրքական ուժերը Արաբական Հանրապետության հյուսիսային տարածքներից և հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ հայտնում են լրատվամիջոցները:
Եռակողմ հանդիպման մասնակիցները համաձայնել են նաև, թե Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված քրդական կազմավորումները «ԱՄՆ-ի և Իսրայելի գործակալներն են և Սիրիայի ու Թուրքիայի համար ամենամեծ վտանգն են ներկայացնում»։
ԻՐԱՆԻ ԲԱՆԱԿԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՀՈՐՄՈՒԶԻ ՆԵՂՈՒՑՈՒՄ
Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Օմանի ծոցը Պարսից ծոցին կապող Հորմուզի նեղուցում՝ հայտնում է Tasnim գործակալությունը։ «Զոլֆաքար 1401» վարժանքները կրում են «Ինքնավստահություն, ուժ, կայուն անվտանգություն» կարգախոսը։
Իրանի բանակի փոխհրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ զորավարժություններին ներգրավվել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ստորաբաժանումների մեքենայացված գնդեր։
Վարժանքների նպատակն է ղեկավարման հմտությունների բարելավումը, ռազմական գործողությունների պլանավորումը, դրանց ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի օգտագործման մակարդակի բարձրացումը:
Սայարիի խոսքով՝ զանգվածային զորավարժությունները նաև հիշեցում են տարածաշրջանի պետություններին, որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար Իրանը արտաքին ուժերի կարիքը չունի։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Վոլոդիմիր Զելենսկին ներկայացրել է Ուկրաինայում վերջին զարգացումները: Նա տեղեկացրել է, որ Դոնբասում շարունակվում են կատաղի մարտերը: Դժվարին իրավիճակ է մասնավորապես Բախմուտ, Սոլեդար և Կրեմեննայա բնակավայրերում: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկրի Զինված ուժերը պահում է դիրքերը, որոշ հատվածներում նույնիսկ առաջընթաց գրանցում:
Զելենսկին հավելել է, որ ամենահրատապ խնդիրներից մեկը հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելն է, ինչը Կիևը բարեհաջող իրականացնում է:
«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ մենք էլեկտրամատակարարումն ապահովելու հստակ ռազմավարություն ենք մշակել։ Այն իրականացնելու համար, իհարկե, ժամանակ է պետք։ Սա գալիք տարվա ամենակարևոր խնդիրներից մեկն է»,- ընդգծել է Զելենսկին։