Սյունիքի մարզի Ծավ գյուղի երեխաներն Ամանորից առաջ տոնական հանդեսի վերջին փորձերն են անում: Ադրբեջանական զորքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա ապրող մանուկների խաղերի աղմուկը խլացնում է երբեմն հնչող կրակոցների ձայնը: Սեպտեմբերին 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով հակառակորդի զինուժը մոտեցել է գյուղի արոտավայրերին:
Սեյրան Զաքարյան (Շիշկերտ և Ծավ գյուղերի վարչական ղեկավար) - Հիմա արդեն այնքան են մոտեցել, որ մեր արոտներից կարող է նաև անասունների էլ տանեն:
Թեև անասնապահությամբ զբաղվելը դժվարացել է, գյուղացիները բնակավայրը լքելու մտադրություն չունեն: Վերջին ամիսներին գյուղի բնակչությունը նույնիսկ ավելացել է:
Սեյրան Զաքարյան - Ունենք, որ Ռուսաստանից են եկել, ունենք, որ Երևանից եկել են արդեն մշտական բնակության՝ ապրելու: Այդպես չկա, որ խուճապի մատնվեն, թողնեն գյուղը, գնան ուրիշ տեղ բնակության, այդպիսի ընտանիք չունենք:
Սեպտեմբերյան ագրեսիայից հետո առաջ եկած ադրբեջանական զորքերի նշանառության տակ ապրող Ներքին Հանդում էլ գյուղացիները զբաղվում են առօրյա հոգսերով: Տիկին Անուշը թխում է մեկ շաբաթվա լավաշը՝ իր, տղաների ու Կապանում ապրող թոռների համար:
Անուշ Գրիգորյան (Ներքին Հանդ գյուղի բնակիչ) - Թոռներս էլ չեն նայում՝ կրակոց է, եսիմ ինչ է, գալիս-գնում են, ամեն ուրբաթ օր: Միայն խաղաղություն, ուրիշ ոչ մի բան չենք ուզում, մենք աշխատող ենք, կաշխատենք, կարարենք, կստեղծենք: Հողն էլ ունենք, ուղղակի անասունները վաճառեցինք, տարածք չկար պահելու համար, դժվար էր: Հավը պահում եմ:
Անուշ Գրիգորյանի փոքր տղան օրեր առաջ է նշանվել: Հարսնացուն նույն գյուղից է: Ամուսնության օրը դեռ չեն որոշել:
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ին և 14-ին օկուպացրել են Ներքին Հանդի վարելահողերի մի մասը, մյուս հատվածն էլ վտանգավորության պատճառով արդեն 3 ամիս անմշակ է մնացել:
Վարելահողերից ավելի շատ գյուղացիները նեղսրտում են Ներքին Հանդի գերեզմանատան՝ ադրբեջանցիների ձեռքն անցնելու պատճառով: Հակառակորդի առաջխաղացումից հետո գյուղի այդ հատվածում հնարավոր չէ որևէ արարողություն իրականացնել:
Նորայր Հովհաննիսյան (Ներքին Հանդ գյուղի բնակիչ) - Ինչ գյուղը հիմնվել է, այդ գերեզմանոցն այնտեղ է եղել: Եկեղեցին էլ է այնտեղ, բայց դե, չենք կարում, էլի, գնանք-մտնենք, դուրս գանք»:
Կառավարությունը Ներքին Հանդի բնակիչներին աջակցելու համար Սյունիքի մարզպետարանին 30 մլն դրամ է հատկացրել: Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տուն առ տուն գիտի բնակիչների բոլոր խնդիրների մասին:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Հաճախակի եմ լինում ես Ներքին Հանդում և այդ ուղղությամբ հինգ գյուղերում, ամենաշատը երևի թե այդտեղ եմ լինում: Եվ, բնականաբար, Ներքին Հանդում մարդիկ պետք է շարունակեն ապրել, և դա մարդկանց ցանկությունն է, և իրենք չեն էլ ուզում լքեն և շատ ճիշտ են անում:
Բնակիչների ցանկությունների ու կարիքների գնահատման հիման վրա մշակվել է գյուղատնտեսության և անասնապահության ծրագիր: Գյուղում ապրողներին կտրվի ամենը՝ ստեղծված իրավիճակում կյանքը շարունակելու համար:
Ռոբերտ Ղուկասյան - Ճագարաբուծություն կլինի կամ, հնարավոր է, նաև նոր տեսակի խոշոր եղջերավոր անասունների մասին լինի խոսքը, որովհետև տարբեր մարդիկ տարբեր ցանկություններ են հայտնել, բայց բոլորն էլ իրականացնում ենք, ինչպես նաև մի շարք ծրագրեր արդեն՝ ջերմոցային տնտեսություններին վերաբերող, ընթացքի մեջ է, կանենք: Բայց այս փուլում փաստացի բնակվող յուրաքանչյուր ընտանիքին փոքր տնտեսությամբ աջակցություն կանենք՝ փոքր բիզնեսների իմաստով:
Սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ներքին Հանդում գյուղացիները կյանքի շարունակականության խորհրդանիշներ մեկը Նորայրին են համարում: Հատուկ ակնածանքով են նշում՝ երիտասարդը վերանորոգում է թշնամու նշառանության տակ գտնվող տունը, շուրջ մեկ ամիս առաջ էլ սկսել է ադրբեջանցիների առաջխաղացման հետևանքով վնասված մեքենայի նորոգման աշխատանքը:
Տան նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, ասում է, հնարավոր է մտածի նաև ամուսնության մասին: Գյուղից հեռանալու մտադրություն չունի:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզում տուժել է 23 բնակավայր, վնասվել են տներ, թիրախավորվել կրթական և հասարակական նշանակության շինություններ ու ենթակառուցվածքներ: Կառավարությունը վնասների փոխհատուցման համար Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին հատկացրել էր 50 մլն դրամ: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հավաստիացնում է՝ բոլոր խնդիրներն այս պահին վերացված են:
Ռոբերտ Ղուկասյան - Բոլորին տրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, տեղում համայնքային հանձնաժողովներ են ստեղծվել: Համայնքային հանձնաժողովները չափագրել են, հաշվառել են գումարը և դրանից հետո նաև մարզպետարանի մասնագետներն են գնացել հաստատել, ճշգրտումները վերջնական իրականացված են: Ինձ զեկուցել է համապատասխան վարչության պետը, որից հետո գումարները փոխանցվել են սեփականատերերին»:
Անցնող տարվա երկրորդ կեսը Սյունիքի համար թեև ծանր էր, բայց լեցուն նաև կարևոր իրադարձություններով,- նշում է մարզպետը, առանձնացնում Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը: Ռոբերտ Ղուկասյանի խոսքով՝ այն հնարավորություն է տալիս ավելի արագ լուծել Հայաստանի տարածքով իրանական բեռնատարների անցման հետ կապված խնդիրները: Մարզում Իրանի ներկայությունն ունի նաև ռազմավարական նշանակություն:
Ռոբերտ Ղուկասյան - Այստեղ մենք հստակ հասկանում ենք մեր հարևան երկրի դիրքորոշումն անվտանգային իմաստով, և, ինչպես նաև, քանի որ հարևանը հենց Սյունիքն է, Սյունիքի մարզն է, այստեղ շատ կարևոր է նաև տնտեսական իմաստով բազմաթիվ ծրագրերի իրականացումը: Եվ մենք արդեն քննարկում ենք իրենց հետ այս համատեքստում, թե ինչպիսի ծրագրեր ենք իրականացնելու:
2022 թվականին մարզում նաև ճանապարհաշինության և ասֆալտապատման ինտնեսիվ աշխատանքներ են իրականացվել: Այժմ ընթացքի մեջ է Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցումը, Տաթև-Լծեն շուրջ 20 կիլոմետրանոց ճանապարհն էլ ավարտական փուլում է: Սյունիքում ճանապարհաշինական աշխատանքները կշարունակվեն նաև 2023 թվականին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան