Պաշտոնավարման 100 օր և 2022-ի աշխատանքային վերջին օր. փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ամփոփում է գործունեությունն ու տարին: Սկսում է ամենամասշտաբային բնագավառից՝ շինարարություն և բարեկարգում: Այս ոլորտում քաղաքապետարանն առաջնային կարևորություն է տալիս մանկապարտեզ-դպրոցներին և առողջապահական օբյեկտներին:
Տիգրան Ավինյան (Երևանի փոխքաղաքապետ) - Այս պահին հիմնանորոգման փուլում են գտնվում 2 պոլիկլինիկաներ՝ Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջաններում, ինչպես նաև Երևանի 22 մանկապարտեզների շենքեր, որոնք երկու տարբեր ծրագրերով են, բայց հիմնանորոգման էությունը դրանից չի փոխվում: Եվս 2 մանկապարտեզի աշխատանքներ ավարտվել են տարվա ընթացքում, մեկ մանկապարտեզի մասով գտնվում ենք կառուցման մրցույթի փուլում:
2022-ին վերանորոգվել կամ հիմնանորոգվել են մի շարք մշակութային օջախներ, որոշները՝ տեխնիկապես վերազինվել՝ շարունակում է ցանկը ներկայացնել փոխքաղաքապետը: Հիշեցնում է՝ այս տարի նաև մի շարք անցումներ են հիմնանորոգել: Այս տարի շահագործման են հանձնվել Մամիկոնյանց-Արամ Խաչատրյան հատվածները կապող նոր ճանապարհը, Երևանը շրջանցող Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը:
Տիգրան Ավինյան - Մենք մոդելային փոփոխություն ենք պատրաստվում իրականացնել ավտոճանապարհների սպասարկման հարցում, և այս պահի դրությամբ Երևանի ավտոճանապարհների վերականգնման նպատակով առաջին անգամ մշակվել է համապարփակ նախագիծ, որ ներառում է 12 վարչական շրջանները և շուրջ 200 կմ ճանապարհ: Այս նախագիծը մշակելիս ներգրավել ենք ճանապարհաշինության առաջատար մասնագետներին, իսկ իրականացումը սկսելու ենք 2023 թվականից, և, կարծում եմ՝ ծավալային առումով կրկին 2023 թվականը ճանապարհաշինության առումով լինելու է ռեկորդային տարի:
Առաջիկայում Թբիլիսյանը Քանաքեռավանին կապող նոր կամրջի նախագծման աշխատանքները կմեկնարկեն, կնորոգվեն Մանկական երկաթուղի տանող թունելները: Ի դեպ, երկաթուղում կարող է ճոպանուղի գործարկվել՝ դեպի Հրազդանի կիրճ, հարցը մասնավորի հետ դեռ քննարկման փուլում է՝ տեղեկացնում է Ավինյանը:
Տարբեր վարչական շրջաններում 2022-ին 273 վերելակ է փոխարինվել, հաջորդ տարվա նշաձողը 700 նոր վերելակներն են: Ավինյանը անդրադարձել է նաև ապաստարանների մաքրման խնդրին:
Տիգրան Ավինյան - Վարչական շրջանները, համատիրությունների հետ համատեղ իրականացրել են մեծածավալ աշխատանքներ ապաստարանների մաքրման հետ կապված, չեմ կարող ասել, որ խնդիրը ամբողջությամբ լուծված է, բայց ամեն վարչական շրջանում էականորեն ապաստարանների վիճակը բարելավվել է:
Իսկ ե՞րբ ամբողջապես կներդրվի քաղաքային տրանսպորտի նոր համակարգը, ե՞րբ կգործի տոմսերի միասնական վճարային համակարգը: Ավինյանն արձագանքում է լրագրողի հարցին:
Տիգրան Ավինյան - Մրցույթը, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ առաջ արդեն իսկ կայացել է, հաղթող ունենք՝ միասնական տոմսային համակարգի մասին է խոսքը, և արդեն էն փուլում ենք, որ պայմանագիր պետք ա կնքի քաղաքապետարանը հաղթող կազմակերպության հետ:
2023-ին համակարգը հավանաբար կգործի՝ ենթադրում է փոխքաղաքապետը: Իսկ առաջիկա 2 տարում Երևանը նոր տրանսպորտային ցանց կունենա: Քաղաքապետարանը նաև մայրաքաղաքը վթարային շենքերից ազատելու ծրագիր ունի: Ավինյանի խոսքով՝ որոշ քաղաքացիների համար անգամ նոր բնակարաններ կգնեն:
Տիգրան Ավինյան - Մենք հիմա մեխանիզմ ենք մշակում, որով որ որոշակի ֆինանսներ ենք գեներացնելու սոցիալական բնակարանների համար, որը որ ժամանակավորապես հատկացնելու ենք այն անձանց, ում շենքերը գտնվում են 3-րդ կամ 4-րդ կարգի վթարային կարգավիճակում: Հետագայում այդ շենքերը քանդելուց ու նորերը կառուցելուց հետո էդ բնակարաններից մարդիկ վերադառնում են այն վայր, որտեղ որ ապրել են:
Փոխքաղաքապետ Ավինյանի խոսքով՝ իրենց ուշադրության կենտրոնում հիմա մայթերի վրա, այգիներում, հանրային այլ վայրերում կառուցված ապօրինի շինությունների ապամոտաժումն է: Հիշեցնում է՝ վերջերս Կառավարությունը քաղաքապետարանին լիազորություն է տվել բազմաբնակարան շենքերի տանիքներին կառուցվող ու կառուցված ինքնակամ շինությունները ապամոնտաժել: Ավինյանը վստահեցնում է՝ հանրային շահը գերակա է մասնավորից, զիջումների գնալ չեն պատրաստվում: