Գործադիրը փոխհատուցում կտա ռազմական գործողությունների հետևանքով կորցրած գյուղատնտեսական նշանակության կենդանիների համար: Որոշումը Կառավարության վերջին նիստի չզեկուցվող փաթեթով ընդունվեց, հաստատվեց՝ այդ նպատակով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ու Տավուշի մարզպետարաններին գումար կտրամադրվի:
Աննա Իվանյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային կառավարման վարչության պետ) - Այս որոշմամբ հատկացվել է 381 միլիոն 630 հազար 700 դրամ, այս գումարը բաշխվում է այս չորս մարզերի միջև: Այս որոշման համար հիմք է հանդիսացել քաղաքացիների կողմից գրված բազմաթիվ դիմումները, բարձրացված հարցերը, որոնցով իրենք դիմել են մի շարք գերատեսչությունների, և քննարկման արդյունքում որոշվել է փոխհատուցել կրած վնասը:
Անասուն կորցրած գյուղացուց դիմումներ ոչ միայն տարածքայինում են ստացել՝ ասաց Իվանյանը: Հավաքել են, հաշվառել, մարզպետարանների միջոցով տվյալները հստակեցրել, արդյունքում՝ գումարի առյուծի բաժինը հատկացվելու է Սյունիքին, հարավային մարզում ամենաշատ տուժողներն են: Միայն մի քաղաքացի, նկատում է պատասխանատուն, 887 անասուն է կորցրել:
Աննա Իվանյան - Շուրջ 29 միլիոն դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզին, շուրջ 326 միլիոն դրամ հատկացվել է Սյունիքի մարզին, շուրջ 16 միլիոն դրամ՝ Վայոց ձորի և 11 միլիոն դրամ՝ Տավուշի մարզին:
Ըստ որոշման՝ փոխհատուցումը կստանան 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած հետպատերազմյան շրջանի, նաև այս սեպտեմբերի 12-14-ը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած քաղաքացիները: Կապ չունի՝ կենդանին կորել է, թե՞ սահմանն է անցել, նշում է պատասխանատուն, կրած վնասի 70 տոկոսի չափով պետությունը կտա: Իվանյանի խոսքով՝ այս որոշման կարիքն ավելի հրատապ էր դարձել սահմանային վերջին էսկալացիայից հետո:
Աննա Իվանյան - Դուք լավ գիտեք՝ հողում կամ պետք ա զբաղվի գյուղատնտեսությամբ, կամ պետք է անասուն պահի, հետևաբար էս ամբողջ պրոցեսի ժամանակ ինքը ներդրել ա, մարդիկ կան, ովքեր ներդրել են, վարկ են վերցրել ու չեն կարողանում էդ վարկերի տակից դուրս գան, անգամ մենք բնակիչ ունեինք, ով ասում էր՝ անգամ իմ տունն ա գրավի տակ դրված, բանկը իմ ձեռքից կվերցնի: Այս ամեն աշխատանքն ա ահռելի, որ գոնե որոշակի չափով փորձենք թոթափել գյուղացու բեռը:
Մարզպետարանների հետ այժմ ակտիվ կապի մեջ են՝ նշում է վարչության պետը: Ըստ Աննա Իվանյանի՝ փոխհատուցումը ստանալու համար տուժած բնակիչները այլևս մարզկենտրոն հասնելու, թուղթ ներկայացնելու կարիք չեն ունենա: