Դատաիրավական համակարգի ռազմավարական ծրագրերի իրականացման գործում Հայաստանը եզրափակիչ փուլ է մտել. նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացնելիս հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսել է ոլորտում սպասվող փոփոխությունների մասին.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Առաջիկայում նաև ձևավորվելու է Ներքին գործերի նախարարությունը, մինչ այդ արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն է ձևավորվել, և դատական համակարգում, իրավական համակարգում օրենսդրական լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, որպեսզի դատաիրավական, դատական համակարգի ինստիտուցիոնալ ուժեղացման, կայացման, անկախ դատական համակարգ ունենալու մեր տեսլականի ծրագրավորման, պլանավորման փուլից արդեն անցնենք իրագործման փուլ:
Վարչապետի համոզմամբ՝ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է չշեղվել պետական ինստիտուտների կայացման գործից:
«Պետությունը պետք է ինստիտուցիոնալ խորություն ունենա»,- շեշտել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյան - Ես մեր, այդ թվում՝ անվտանգային մարտահրավերների ամենախորքային պատճառը համարում եմ ինստիտուցիոնալ կայացվածության ցածր մակարդակը բոլոր օղակներում:
Վարչապետն անդրադարձել է նաև դատավորների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ քննադատություններին, շեշտել՝ դա ևս ինստիտուցիոնալ կայացման կարևոր գործոններից է:
Նիկոլ Փաշինյան - Այսինքն՝ պետք է օրգանիզմ լինի, օրգանիզմն առողջ լինի, առողջ մկանային համակարգ, առողջ արյունատար և ուղեղային համակարգ ունենա, որ կարողանա հասկանալ` ինչ է կատարվում իր շուրջը, և դիմակայել: Այս առումով դատական իշխանության կայացվածությունը կարևոր է: Մենք 13-14 տոկոս տնտեսական աճ կապահովենք, և մեր մարտահրավերն է՝ ապահովել այդ տնտեսական դինամիկան: Եվ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը կարևոր է նաև ներդրումների գրավչության առումով, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց իրավունքները պատշաճ կպահպանվեն, ներդրումային ռիսկերը կկառավարվեն:
Նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանի խոսքով՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների համատեղ քննարկումների արդյունքում հնարավորություն է ստեղծվել դուրս բերել դատավորների խնդիրները թե՛ օրենսդրական, թե՛ կենցաղային մակարդակում:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Կառավարության ծրագրով նախանշված բոլոր միջոցառումները, թե Արդարադատության նախարարության ոլորտային բարեփոխումների հիման վրա կազմված գործողությունները ԱՆ թիմն ի զորու կլինի իրականացնել ու ավարտին հասցնել:
Վարչապետը նաև անդրադարձել է անկախ դատական համակարգի կայացման խնդիրներին, ընդգծել՝ այնպիսի համակարգ են ցանկանում, որը ներդաշնակ կաշխատի պետության այն ռազմավարական նպատակների հետ, որոնք ձևավորվել են ժողովրդական կամքով:
Նիկոլ Փաշինյան - Հասկանո՞ւմ եք, իսկապես ձևականություն չենք անում, որովհետև եթե դա անելու կարիք ունենայինք՝ ուղղակի ոչ մի բան չէինք ասի, ոչ այդ թեմայով կխոսեինք, ոչ կանհանգստանայինք, ոչ կցնցվեինք, ոչ կգոռայինք, ոչ կշրջափակեինք, ոչ մի բան չէինք անի, ուղղակի կթողնեինք ամեն ինչ` ինչպես կար՝ հեռախոսները կային, հեռախոսի համարները կային: Մենք իսկապես ուզում ենք, որ երկրում անկախ դատական համակարգ լինի:
Վարչապետը նաև հայտնել է, որ քննարկվում է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին՝ նորաստեղծ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան