Ռուսաստանը կորուստներ կրելու պատրաստակամություն է ցուցաբերել, ուստի Ուկրաինան և ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվեն նոր հարձակումների։ Այս մասին DPA-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարը հորդորել է դադարեցնել Ռուսաստանին թերագնահատելը. «Ոչ մի նշան չկա, որ նախագահ Պուտինը փոխել է այս պատերազմի իր հիմնական նպատակը։ Դա Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունն է։ Նրանք բազմաթիվ նոր զորքեր են մոբիլիզացրել։ Նրանցից շատերն արդեն վերապատրաստվել են։ Նրանք պատրաստ են դիմանալ ցավալի կորուստներին և ավելի շատ զինամթերք ու զենք ստանալու համար դիմում են այլ ավտորիտար ռեժիմների: Եվ սա դեռ վերջը չէ»։
Ստոլտենբերգն ընդգծել է. «Պատերազմներն անկանխատեսելի են, բայց մենք պետք է պատրաստվենք երկար ժամանակահատվածի, ինչպես նաև ռուսական նոր գրոհների։ Մենք չպետք է թերագնահատենք Ռուսաստանին»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզված է, որ այլևս ոչինչ նախկինի պես չի լինի։ «Պատերազմի դադարեցումը չի կարող նշանակել լիակատար վերադարձ նորմալ կյանքի։ Իսկ թե ապագայում ինչպիսի հարաբերություններ կլինեն Ռուսաստանի հետ, կախված կլինի Ռուսաստանի պահվածքից»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։