Ռուսաստանի և Չինաստանի նախագահները հեռավար հանդիպում են անցկացրել: Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը 2023 թվականին պետական այց կկատարի Ռուսաստան. այդ այցը աշխարհին ցույց կտա ռուս-չինական հարաբերությունների ամրությունը: Նա ընդգծել է, որ չինացի գործընկերոջ պետական այցը կլինի տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը երկկողմ հարաբերություններում։
Պուտինի խոսքով՝ Չինաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «դիմանում են բոլոր փորձություններին, ցույց են տալիս հասունություն և կայունություն»։ Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Պեկինի ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ որպես կայունացնող գործոն, մեծանում է աճող աշխարհաքաղաքական լարվածության համատեքստում։
Պուտինը տեսակոնֆերանսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանը դարձել է «նավթի արտահանման առաջատարներից մեկը»։ Չինաստանի նախագահը նշել է, որ երկու երկրի բարեկամության սոցիալական հիմքն գնալով ամրապնդվում է։ «Առաջնահերթ ոլորտներում մի շարք համատեղ ծրագրեր անշեղորեն իրականացվում են: Միջտարածաշրջանային համագործակցությունը թափ է հավաքում, տեղի են ունենում մշակութային ու հումանիտար փոխանակումներ»,- հայտարարել է Սի Ծինփինը:
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ 15 000 ՄԱՐԴ
Ուկրաինայում զինվորականների իրավունքների պաշտպան Ալյոնա Վերբիցկայան հայտնել է, որ անհետ կորած է համարվում 15.000 մարդ, որոնց մի մասը քաղաքացիական անձինք են։ Նա նաև նշել է, որ անհամապատասխանություն կա հաստատված ռազմագերիների և անհետ կորածների թվերի հարցում: Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսի Արեստովիչն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լուրջ կորուստներ են կրում Դոնեցկի Արտյոմովսկի և Սոլեդարի շրջաններում։
ՀՐԹԻՌԸ՝ ԿԻԵՎ-ՄԻՆՍԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌ
Բելառուսի պաշտպանության նախարարությունից հայտարարել են, որ Ուկրաինայի տարածքից հրթիռի արձակման տարբեր վարկածները համարում են սադրանք։ Բելառուսի Հանրապետության զենիթահրթիռային ուժերի ղեկավար Կիրիլ Կազանցևի խոսքով՝ մյուս վարկածն այն է, որ զենիթային հրթիռը պատահաբար է արձակվել, քանի որ անձնակազմը բավարար պատրաստվածություն չի ունեցել կամ հրթիռը ճիշտ չի աշխատել:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պատասխանել է Մինսկի մեղադրանքներին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել միջադեպի քննությանը։ Կիևը հավանական է համարում նաև, որ Բելառուսի տարածքում հայտնված հրթիռն արձակվել է ռուսական կողմից:
Ավելի վաղ Բելառուսը հայտնել էր, որ երեկ երկրի հակաօդային պաշտպանությունը C-300 հրթիռ է խոցել, որն արձակվել էր Ուկրաինայի կողմից։ Բելառուսում Ուկրաինայի դեսպանը կանչվել էր արտգործնախարարություն, որտեղ նրան խիստ բողոք էր փոխանցվել։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ
Ադրբեջանը Իսրայելում դեսպան է նշանակել Մուխթար Մամեդովին, որը զբաղեցնում է կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնը: Մամեդովը նախկինում աշխատել է Ադրբեջանի արտգործնախարարությունում, ղեկավարել է Իսրայելի հետ նորարարական համագործակցության նախագծերը:
«ԳԱԶՊՐՈՄԸ» ԳԱԶԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱԿԱՌԵԿՈՐԴ Է ԳՐԱՆՑԵԼ
2022 թվականին ռուսական գազի արտահանումը կազմել է 100,9 մլրդ խորանարդ մետր՝ անցած տարվա 185,1 մլրդ խորանարդ մետրի համեմատ: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Արտահանման նման ցածր ցուցանիշը հակառեկորդ է. արտահանման նման ծավալ չի գրանցվել անգամ 1990 թ.:
Արտահանման նվազման ֆոնին 2022 թվականին նվազել է նաև գազի արդյունահանումը՝ կազմելով 412,6 մլրդ խորանարդ մետր, անցած տարի այդ ցուցանիշը 514,8 մլրդ էր։ 2015 թվականից ի վեր սա Ռուսաստանում գազի արդյունահանման նվազագույն ցուցանիշն է: Միլլերը հայտարարել է, որ արդյունահանված գազի ծավալները բավական են, որպեսզի ընկերությունը կատարի իր բոլոր պարտավորությունները: