2020 թվականի մարտական գործողությունների, ինչպես նաև 2022-ի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած պայթուցիկ զինամթերքով նոր աղտոտվածության մարտահրավերները հաշվի առնելով, 2022 թվականի ընթացքում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կառույցների կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում իրականացրեցին ոչ տեխնիկական հետազոտություն ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։
Աշխատանքների արդյունքում այսօր Հայաստանի Հանրապետությունում նախկին աղտոտված տարածքներին ավելացել է ընդհանուր 22 141 890 քմ մակերեսով 12 հաստատված և 4 կասկածելի վտանգավոր տարածք։
Արդյունքում` ՀՀ-ի ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 39 241 419 քմ։ Պայթուցիկ զինամթերքով առավել բարձր աղտոտվածության մակարդակ ունենեցող մարզերն են Գեղարքունիքը և Սյունիքը։
2022 թվականի ընթացքում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները տարեկան պլանով նախատեսված 50 000 քմ տարածքի փոխարեն ականներից և չպայթած զինամթերքից մաքրել են 793 860 քմ մակերեսով տարածք (146 308 քմ Դավիթ Բեկ բնակավայր և 647 552 քմ Սիսիան-Քաջարան ճանապարհ):
ՀԱՓԿ-ը կարևորում է նաև մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը։ Մեր մասնագետներն այս տարի էլ շարունակել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացները, ինչպես նաև կազմակերպել են թեմատիկ թատերական ներկայացումներ և իրազեկվածության մակարդակի բարձրացման այլ միջոցառումներ։
Ընթացիկ տարում, ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շրջանակներում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն ականային և պայթուցիկ զինամթերքի ազդեցություն կրող ՀՀ բնակավայրերի երեխաների համար Հանքավանի Փյունիկ գյուղի «Զեփյուռ» հանգստյան գոտում կազմակերպել է ամառային ճամբար, որտեղ հանգստանալուն զուգահեռ անվտանգ վարքագծի կանոններն են ուսանել 56 երեխա։ Ընդհանուր առմամբ 2022 թ. ընթացքում իրազեկվել են 10 293 քաղաքացիներ:
Ոչ տեխնիկական հետազոտության, մաքրման աշխատանքների, պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկմանը զուգահեռ նաև իրականացվել է ականներից և պայթուցիկ զինամթերքից տուժածների տվյալների հավաքագրում։ Այսօր Հայաստանում կա ականների պայթյունից 830 տուժած:
Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել ինչպես ՀԱՓԿ, այնպես էլ հակաականային գործունեության ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ուսումնական կենտրոնում կազմակերպվել են դասընթացներ հետևյալ թեմաներով՝
- ոչ տեխնիկական հետազոտություն,
- հումանիտար ականազերծում,
- մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքի մաքրում,
- առաջին բուժօգնություն,
- պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկում (ՊԶՎԻ),
- Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստում
2022 թվականին, ընդհանուր առմամբ, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն ստացած 121 ունկնդիրներ ստացել են հավաստագրեր: Մինչև օրս ուսումնական կենտրոնում ուսուցանվել, վերապատրաստվել և մասնագիտական որակավորում է ստացել ավելի քան 2500 ունկնդիր։
Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է իր համագործակցությունը մի շարք միջազգային կառույցների հետ, հակաականային գործունեության մեջ ներգրավել է մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք կնպաստեն մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ու անվտանգ վարքագծի ձևավորմանը։ Համագործակցության արդյունքում իրականցվել է ականների և պայթուցիկ զինամթերքի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վրա ունեցած ազդեցության վերլուծություն, որի արդյունքում սահմանվում են պայթուցիկ զինամթերքի մաքրման աշխատանքների առաջնահերթությունները։ Մաքրված տարածքները կնշագրվեն «Կանաչ նշանով», որը կվկայի տարածքի անվտանգ լինելու և հետագայում գյուղատնտեսական նշանակության նպատակներով օգտագործելու նպատակահարմարության մասին։
Ստեղծվել է նոր հարթակ, որտեղ ՀՀ նախարարությունների և ծառայությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները, և հակաականային գործունեություն ծավալող այլ միջազգային և հասարակական կազմակերպությունները հնարավորություն կունենան քննարկել առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները և պլանավորել հակաականային ոլորտում իրականացվող միջոցառումները։
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն այս տարի արդեն ձեռք է բերել Իրանի, Իրաքի, Լիբանանի հակաականային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցելու փոխհամաձայնություն։
Ընթացիկ տարում մշակվել է Հայաստանի Հանրապետության հումանիտար հակաականային գործունեության մասին օրենքի նախագիծը և մեկնարկել է ՀՀ-ում ականազերծման գործողությունների ազգային մարմնի հումանիտար հակաականային գործունեության ռազմավարության մշակման և հակաականային գործունեության ազգային չափորոշիչների վերանայման աշխատանքները՝ միջազգային չափորոշիչների համաձայն։
Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ ստեղծել է նոր պաշտոնական կայք, որտեղ շուտով հասանելի կլինի հակաականային ոլորտում իրականցրած բոլոր աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը։
Այս բոլոր աշխատանքները շարունակական են:
ՀԱՓԿ աշխատակիցները Հայաստանի աղտոտված տարածքներում մշտապես իրականացրել և 2023-ին էլ շարունակելու են կատարել չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգելու և վերահսկելու ՀՀ-ում իրականացվող հակաականային գործունեության ոլորտը։