Իրանի բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցի արևելյան հատվածից մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային տարածքը։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
«Զոլֆաքար 1401» կոչվող համատեղ զորավարժությունները կրել են «Ինքնավստահություն, ուժ, կայուն անվտանգություն» կարգախոսը։
Իրանի բանակի փոխհրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ զորավարժություններին մասնակցել և ներգրավվել են հետևակային և զրահատանկային ստորաբաժանումներ, ինչպես նաև ցամաքային զորքերի, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ստորաբաժանումների մեքենայացված գնդեր։
Զորավարժություններն ուղղված էին ռազմական գործողությունների պլանավորման, անցկացման, ղեկավարման հմտությունների բարելավմանը և զորքերի տարբեր ճյուղերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:
Սայարին ասել է, որ զորավարժությունները նաև նպատակ ունեին բարելավելու բանակի հրամանատարների և անձնակազմի հմտությունները ռազմական գործողությունների ժամանակ հակաօդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային և կիբեռպատերազմի համակարգերի օգտագործման հարցում:
Նրա խոսքով՝ զանգվածային զորավարժությունները տարածաշրջանի պետություններին կհիշեցնեն Իրանի առկա հնարավորությունների մասին, և որ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար նրանք արտաքին ուժերի կարիք չունեն։