Միսը գնելուց առաջ պետք է համոզվել, որ կենդանու մորթը կատարվել է սպանդանոցում: ԳՈՒՄ-ի շուկայում տեսուչների ստուգայցն անակնկալ էր: Համաճարակի ռիսկը մեծ է հատկապես նախատոնական օրերին:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Միսը պետք է իրացվի սպանդանոցային ծագում ունենալու դեպքում, և այս պահին ստուգեցինք, նաև QR կոդի միջոցով ենք ստուգում իսկությունը թղթի: Տվյալ խանութում անհամապատասխանություն չկա, իրենք 5-րդ ձևն ունեն: Չլինելու դեպքում կազմում ենք արձանագրություն, և տվյալ խմբաքանակի միսը կասեցվում է օգտահանելու կամ ոչնչացնելու համար, չի թույլատրվում իրացումը:
Խանութում տեսուչները փաստաթղթերը, տարածքի սանիտարահիգիենիկ վիճակը ստուգեցին, մեծ խախտումներ չարձանագրեցին: Տնտեսվարողին հորդորեցին միսը վաճառելուց առաջ պարտադիր ապահովել բժշկական հետազոտություն:
«Կենդանու հոգեվարքի ժամանակ մորթված կամ անկած միսը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել»,- վաճառողներին հիշեցրին ՍԱՏՄ տեսուչները:
Լյովա Սարգսյան (վաճառող) - Առաջին հերթին նայելիս, տեսնելիս արդեն երևում է՝ դրա սանիտարական վիճակը նորմա՞լ է, առո՞ղջ է, համապատասխանո՞ւմ է վաճառքին: Մսի տերերն են դժգոհում, որ դժվար է միսը տանել սպանդանոց, հետո սպանդանոցից տեղափոխել վաճառքի կետ:
Հարևան խանութում տեսուչներն արձանագրություն կազմեցին: Պարզվեց՝ միսը դրված չէր սառնարանում:
«Դա կոպիտ խախտում է, և տնտեսվարողները պարտավոր են պատշաճ պայմաններ ապահովել մսի վաճառքն իրականացնելիս»,- ասում է տեսչականի պաշտոնյան, նշում՝ հաճախորդը միսը գնելիս պետք է հաշվի առնի այդ գործոնը:
Մանուել Մելիքյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի պետի տեղակալ) - Կտանք հանձնարարական հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել սառնարանով, որպեսզի հետագայում մսի իրացումը կատարվի պատշաճ պայմաններում, անկախ նրանից, թե սրահում ինչ ջերմաստիճան է, միսը պետք է տեղադրվի սառնարանում, բացի դրանից, սառնարանն ապահովում է նաև մսի մաքրությունը:
Թե որքան կտուգանվի տնտեսվարողը միսը սառնարանում չդնելու համար, կորոշեն տեսչական մարմնի իրավաբանները: Ըստ Մանուել Մելիքյանի՝ տուգանքի չափը կարող է տատանվել 20-30.000-ի սահմանում: Ոլորտի պատասխանատուն նաև արձանագրում է՝ իրենց նպատակը տնտեսվարողին տուգանելը չէ: Իրենք ուզում են, որ հանրային գիտակցությունը փոխվի:
Մանուել Մելիքյան - Դա կարող է պարբերաբար կրկնվել, բայց դա կարող է ամեն օր լինել մեր վերահսկողության ընթացքում, եթե չուղղվի, և մեր հանձնարարականը չկատարվի, նորից կրկնվի վարչականը, արդեն հանձնարարականի չկատարման համար ավելի մեծ տուգանք նշանակվի:
Տեսչականից արձանագրում են՝ վերջին չորս ամսում և՛ իրացման կետերում, և՛ ճանապարհներին հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման ավելի քան 23 տոննա տավարի, խոզի ու ձիու միս: