Անցնող 2022 թվականը քաղաքաշինության ոլորտի համար ձեռքբերումների և նոր նախաձեռնությունների տարի էր: Այն հատկանշվել է պետական և մասնավոր ծրագրերի աննախադեպ ծավալով։ Այս մասին ասվում է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանի ամանորյա շնորհավորական ուղերձում:
«Քաղաքաշինության կոմիտեն ներուժն ուղղել է հանրապետության ողջ տարածքում դպրոցական, նախադպրոցական, մարզական, առողջապահական, մշակութային և այլ հաստատությունների, բնակելի թաղամասերի կառուցման ու վերակառուցման կարևոր գործին: Կառավարությունը սահմանել է բարձր նշաձող, որի հիմքում նախևառաջ աշխատանքների՝ սահմանված ժամանակում և որակով ապահովումն է: Ուշադրության կենտրոնում է նաև շինարարության կազմակերպման նորմատիվային պահանջի արմատավորումը:
Սիրելի´ գործընկերներ, ձեզ հետ միասին նախանշել ենք բնագավառի ռազմավարական ծրագրի թիրախները և 2022թ. ընթացքում ձգտել հասնել դրանց: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն են: Դեռ շատ անելիք ունենք՝ նպաստելու քաղաքաշինական խնդիրների լուծմանը, ոլորտի առաջընթացի ամրապնդմանը։ Բայց մեզ ուժ է տալիս մասնագիտական հանրության աջակցությունը:
Գալիք տարվա ծրագրերն ավելի հավակնոտ են, և մենք մուտք ենք գործում 2023 թվական մեծ վճռականությամբ: Հայրենիքի համար այս բարդ ժամանակներում երկրի սահմանները պաշտպանող մեր նվիրյալները շարունակում են ապահովել բոլորիս անվտանգությունը: Ուստի, մեր լավագույն երախտիքը նրանց կլինի ջանադիր աշխատանքն ու միասնականությունը:
Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարօրություն բոլորիս ընտանիքներին։ Եռանդուն, հետևողական և արհեստավարժ աշխատանքը թող լինի բոլորիս ուղեցույցը դեպի նոր ձեռքբերումներ:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է Ղուլարյանի ուղերձում: