Այս տարվա տասը ամսվա կտրվածքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանից 44.2 տոկոսով ավելի շատ ագրոպարենային արտադրանք է արտահանվել: Արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 983 միլիոն դոլար, նախորդ տարի շուրջ 682 միլիոն էր:
Գևորգ Ղազարյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման զարգացման վարչության պետ) - Մենք ունենք ագրոպարենային արտադրանքի արտահանման ծավալների դինամիկ աճ վերջին տարիներին: Ես չէի ուզենա ամբողջությամբ կապել մեր ծրագրի հետ, բայց մեր ծրագիրը լուրջ ազդեցություն է թողնում հենց թողարկվող արտադրանքի որակի մրցունակության բարձրացման վրա, որը նաև երաշխիք է արտահանման դեպքում:
Վերջին տարիներին 594 շահառու ձեռք է բերել 2200 միավոր սարքավորում, որի համար պետությունն արդեն 3 մլրդ դրամ սուբսիդավորում է տրամադրել: Միայն այս տարի ծրագրից օգտվել է 164 շահառու, ձեռք բերելով 623 սարքավորում, լիզինգի գումարը կազմել է 14 մլրդ, որից սուբսիդավորվել է 1.8 միլիարդ դրամը:
Նոր սարքավորումների ձեռք բերումը ոչ միայն նպաստել է ընկերությունների արտադրական հզորությունների ավելացմանը, այլև բարձրացրել է արտադրված սննդամթերքի որակը, ասում է ագրովերամշակման պատասխանատուն:
Գևորգ Ղազարյան - Շատ օգտվել են ջերմոցային տնտեսությունների կառուցման նպատակով, շատ օգտվել են վերամշակող ոլորտի ձեռնարկությունները հոսքագծերի, սարքավորումների վերազինման նպատակով:
Լինի անասնապահություն, կաթի վերամշակում, բուսաբուծություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում թե սառնարանային տնտեսությունների հիմնում, նոր սարքավորումներ, հոսքագծեր ձեռք բերելու լիզինգի ծրագրից օգտվում են գրեթե բոլոր ճյուղերի տնտեսվարողները, քանի որ նորագույն տեխնոլոգիաներով արտադրությունները զգալի նվազեցնում են նաև վերջնական արտադրանքի ինքնարժեքը: