2022 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական՝ 2022 թվականի վերջին նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էր նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչ Նիկոլ Նասեն:
Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը ներկայացրել է անհայտ կորած, գերեվարված անձանց ծնողներից ու հարազատներից ստացված դիմումների ուսումնասիրման ընթացքը, առանձնացրել այն խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ:
Նիստի ընթացքում քննարկվել են անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքների սոցիալական կարիքներին վերաբերող հարցերը, ԴՆԹ տվյալներով անձանց նույնականացման, անձանց անհետացման հանգամանքների քննությանը վերաբերող խնդիրները և դրանց լուծման հնարավոր եղանակները:
Միաժամանակ հանձնաժողովի նախագահ Ա. Աբազյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 30-ին հանդիպելու է հանձնաժողովին դիմումներ ներկայացրած անհայտ կորած, գերեվարված անձանց ընտանիքի անդամների հետ:
Նիստն ավարտվել է հանձնաժողովի անդամներին տրված հստակ հանձնարարականներով՝ հանձնաժողովի հաջորդ նիստին դրանց կատարման արդյունքներն ամփոփելու պայմանով: