Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատգամավորներին արգելել է այցելել «Վիվամեդ» կլինիկա, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն՝ առանց հատուկ անցագրի։ Այս մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Դեկտեմբերի 27-ին արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն խորհրդարանի նախագահին տեղեկացրել էր Սաակաշվիլուն այցի հետ կապված «անվտանգության խստացման միջոցների» մասին՝ նախկին նախագահի «օրինական շահերի անվտանգության և պաշտպանության» նպատակով։ Նախարարը խորհրդարանի նախագահին խնդրել էր պատգամավորների նկատմամբ կիրառել հատուկ անցագրեր ստանալու կարգը։
Ըստ օրենքի՝ որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը և հանրային պաշտպանը, կարող են այցելել դատապարտյալներին առանց հատուկ թույլտվության։ Միաժամանակ, խորհրդարանի նախագահը կարող է պատգամավորներին ՔԿՀ այցելելու միանվագ թույլտվություն տալ։ Հաղորդվում է, որ 2021 թվականի հոկտեմբերի 3-ից խորհրդարանի նախագահը Սաակաշվիլուն այցելելու 228 թույլտվություն է տվել։
ՏԱՍՍ-ի տվյալով՝ Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Սաակաշվիլին ընդհանրապես վտանգ է ներկայացնում երկրի կայունության համար:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն նշել է, որ նախկին նախագահի՝ ազատության մեջ գտնվելը մեծ ռիսկեր է պարունակում, իսկ իրենք պատասխանատու են «հասարակության առաջ երկրում անկարգությունները կանխելու համար»:
Վրացական իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին հիվանդ է ձևանում և հաճախ ինքն է իրեն վնասում, որպեսզի պահանջի արտասահման մեկնում և խուսափի բանտարկությունից։ Նախկին նախագահը բազմիցս հայտարարել է, որ բանտում ծանր հիվանդություններ է ձեռք բերել։