ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԵԾ ՄԱՍՈՒՄ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐ ԵՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարվածներից հետո երկրի մեծ մասում էլեկտրամատակարարման խափանումներ են: «Իրավիճակը հատկապես ծանր է Կիևի մարզում և մայրաքաղաքում, Լվովի մարզում, Օդեսայում, Խերսոնում»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Երեկ Ուկրաինայում 5 ժամ շարունակ օդային հարվածների ազդանշաններ են հնչել: Պաշտոնյաները ավելի վաղ հայտնել էին, որ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 120 հրթիռ: Ուկրաինայի զինված ուժերից հայտարարել են, որ խոցել են Ռուսաստանի կողմից արձակված 69 հրթիռներից 54-ը: Իր հերթական ուղերձում Զելենսկին նաև հայտնել է, որ Ռուսաստանը Ամանորից առաջ դեռ չի հրաժարվել Դոնեցկի շրջանը գրավելու գաղափարից։
ԲԱՅԴԵՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱՄՆ 2023-Ի ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Սանտա Կրուզ հանգստի մեկնած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է ԱՄՆ կառավարության 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման օրինագիծը, բյուջեն կազմում է 1,66 տրլն դոլար: Նա ստորագրել է օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել էր անցած շաբաթ։ Օրենքը ներառում է ռեկորդային ռազմական ֆինանսավորում, արտակարգ օգնություն Ուկրաինային, լրացուցիչ օգնություն սահմանափակ հնարավորություններով ուսանողներին, լրացուցիչ ֆինանսավորում աշխատողների իրավունքների պաշտպանության և լրացուցիչ ռեսուրսներ պրոֆեսիոնալ ուսուցման, ինչպես նաև ընտանիքներին, վետերաններին և ընտանեկան բռնությունից տուժած անձանց ավելի մատչելի բնակարաններով ապահովելու համար։
ԱՄՆ-Ը ՉԺՀ-ԻՆ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԻՐ ՄԻԱԿ ՄՐՑԱԿԻՑԸ
ԱՄՆ-ն Չինաստանին համարում է իր միակ մրցակիցը, որը ոչ միայն մտադիր է փոխել գոյություն ունեցող աշխարհակարգը, այլ նաև զարգացնում է տնտեսական, դիվանագիտական, ռազմական և տեխնոլոգիական ուժ այս նպատակին հասնելու համար՝ հայտարարել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։ Ավելի վաղ Չինաստանի արտաքին գործերի նախարար հայտարարել էր, որ 2022 թվականին Չինաստանի դիվանագիտության առանցքային ձեռքբերումներից է ԱՄՆ-ի հեգեմոնիայի դեմ հաջող պայքարը և Վաշինգտոնի ուժային քաղաքականության դեմ պայքարը։
ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԳՆ-Ն ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ
Պաշտոնական Մինսկը բողոքի նոտան հանձնել է ԱԳՆ հրավիրված Ուկրաինայի դեսպան Իգոր Կիզիմին: Պատճառը ուկրաինական կողմի արձակած С-300 տեսակի հրթիռն է, որը որսացել են Բելառուսի ՀՕՊ ուժերը: «Բելառուսն Ուկրաինայից պահանջել է պատասխանատվության ենթարկել հրթիռի միջադեպի հետ առնչություն ունեցող անձանց»,- ասել է Բելառուսի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Անատոլի Գլազը՝ նախազգուշացնելով՝ անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու դեպքում նման միջադեպերը կարող են հանգեցնել աղետալի հետևանքների:
ԻՐԱՆԸ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ
Երեկ երեկոյան մեկնարկել են Իրանի բանակի «Զոլֆաղար-14-01» զորավարժությունները՝ Ջասկի շրջանում և Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում մինչև Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում 10 աստիճան հյուսիսային ուղեծիր: Զորավարժությունների հրամանատար Հաբիբոլլա Սայյարին հայտարարել է, որ վարժանքները ուղերձ են տարածաշրջանի երկրներին, որ հնարավոր է խաղաղության հասնել՝ օտար երկրների չմիջամտության դեպքում:
«Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար անհրաժեշտ է արտատարածաշրջանային երկրները, հատկապես ԱՄՆ-ն և Բրիտանիան դուրս գան տարածաշրջանից»,- ասել է ծովակալ Սայյարին: