Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում սերբ բնակչության կառուցած բոլոր բարիկադներն ապամոնտաժվել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Չնայած ապամոնտաժված բարիկադներին՝ չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը դեռևս չի վերականգնել երթևեկությունը Յարինե և Բռնյակ անցակետերով։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դեկտեմբերի 29-ի գիշերը Ռասկա քաղաքում Կոսովոյի և Մետոխիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ տարածաշրջանի հյուսիսում բարիկադները կսկսեն ապամոնտաժվել դեկտեմբերի 29-ին, ինչը կտևի 24-48 ժամ: Ճանապարհների արգելապատնեշների քանդումը սկսվել է հինգշաբթի առավոտյան։ Այս պահին բոլոր աշխատանքներն ավարտված են։