Պետական կառավարման համակարգի ներկայացուցիչները նախագահական նստավայրում են՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված ընդունելության շրջանակում: Նախագահ Խաչատուրյանը, շնորհավորելով գործընկերներին՝ նկատում է, անցնող տարին մեր երկրի համար բավականին դժվար էր, և, ցավոք, այդ դժվարությունները չեն ավարտվում:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Կարծում եմ՝ անկախ պետություն ունենալու ցանկությունը, ձգտումը մեր մեջ չի պակասել, ինչքան էլ որ դժվարություններ լինեն, ինչքան էլ որ բարդություններ լինեն, մենք չենք հանձնվելու: Եվ այն պատգամը, որ մեր մեջ ունենք, և այն պատգամը, որ առաջին հերթին ամեն ինչ անելու ենք՝ ամրապնդելու մեր երկիրը, ամեն ինչ անել, որ մեր անկախ երկիրը հզորանա, մենք պատրաստակամ ենք և շարունակելու ենք:
2022-Ը ԵՂԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ. ՎԱՐՉԱՊԵՏ
Բարդ, բայց հսկայական բարեփոխումների տարի էր՝ արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հավելեց՝ 2022 թվականին պետական կառավարման որակն էականորեն բարձրացրել է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Նախորդ տարին՝ 2021 թվականն էի ինքս ինձ համար ամփոփում, հասկանալի է, թե ինչ բարդ տարի էր՝ և՛ ներքաղաքական ճգնաժամ, և՛ ընտրություններ, և՛ անվտանգային միջավայրի հետ կապված պրոբլեմներ, սրացումներ: Զարմանքով արձանագրեցի, որ մեզ, այնուամենայնիվ, հաջողվել է 2021 թվականին, նաև 2020-ին բարեփոխումների այն օրակարգը, որ կանխորոշել ենք, իրականացնել:
Վարչապետն առանձնացրեց դատական համակարգի ներկայացուցիչների աշխատավարձերի բարձացումը՝ շեշտելով, որ սա անկախ դատական համակարգ ունենալու իշխանության հանձնառության վկայությունն է: Զինված ուժերում լայնածավալ բարեփոխումներ իրականացվում են և իրականացվելու են՝ հայտարարեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Որոշակի զղջում կա, որ այդ բարեփոխումները հենց միանգամից 2018-ից չենք իրականացրել: Գիտենք նաև, թե ինչու չենք իրականացրել, որովհետև մեր մտածածը եղել է, որ բանակին, այսպես ասած, հեղափոխական հովերից հնարավորինս հեռու թողնենք: Արդյունքում՝ պարզվեց, որ դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ:
Երկրի ղեկավարը խոսեց նաև ուժային կառույցներում կատարված փոփոխություններից, հիշեցրեց՝ Հայաստանը շուտով Ներքին գործերի նախարարություն կունենա, Պետական պահպանության ծառայությունն առանձին մարմին կլինի: Ըստ Փաշինյանի՝ այս պրոցեսների ամենակարևոր նպատակն Ազգային անվտանգության ծառայության էֆեկտիվությունն ու նպատակասլացությունը մեծացնելն է:
Նիկոլ Փաշինյան - Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորվեց: Հակակառուպցիոն, ընդհանրապես՝ դատական և քննչական համակարգն ամբողջությամբ վերափոխվեց: Առաջին անգամ մեր պատմության ընթացքում մենք ստեղծել ենք մարմին, որը, բացի Ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, ունի օպերատիվ հնարավորություններ: Նման բան նախկինում երբեք չի եղել: Քննչական մարմինները տարբեր փոփոխությունների են ենթարկվել, բայց միևնույն է՝ օպերատիվ մարմինները եղել են՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը: Բարեփոխումներ են իրականացվել ֆինանսների կառավարման, հանրային կառավարման ոլորտներում և այդպես շարունակ: Ես ինչո՞ւ եմ սա ընդգծում, որովհետև հասկանալի է, որ մենք և՛ էմոցիոնալ, և՛ բոլոր առումներով շատ կենտրոնացած ենք անվտանգային միջավայրի հետ կապված խնդիրների վրա, բայց ուզում եմ, որ նաև չմոռանանք շատ կարևոր մի հատկություն, որ նույնիսկ ամենասուր պայմաններում մենք բարեփոխումների օրակարգից չենք շեղվել ոչ մի միլիմետր:
Վարչապետ Փաշինյանը չանտեսեց հանրակրթության, դպրոցաշինության ոլորտների բարեփոխումները, խոսեց տարածքային կառավարման արդյունավետության և տեղական ինքնակառավարման մարմիններում 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու մասին: Նկատեց, որ մինչ օրս առիթ չի եղել խոսել էլեկտրաէներգայի ոլորտից, որտեղ արտադրության 16 տոկոս աճ կա: Վարչապետը 2022 թվականի պատմական իրադարձություններից է համարում տիեզերք արբանյակ բաց թողնելը: Նրա խոսքով՝ ներկայում արբանյակը կառավարելու համակարգերն են տեղադրվում:
Նիկոլ Փաշինյան - Խոստացել էինք, որ Հայաստանում պետք է ավիացիան վերականգնենք: Այո, ավիացիոն ոլորտը Հայաստանի Հանրապետությունում կայանում է: Ես հիշում եմ քննարկումները, թե ինչքանով է պատեհ, որ Կառավարությունը համաներդրող հանդես գա, որպեսզի ավիաընկերություն հիմնադրի: Նաև մասնավոր ոլորտի մեր ընկերները շատ մեծ քննադատություն են ունեցել, բայց հաշվարկով գուցե արդարացված չէ, ինտուիցիան էլ է շատ կարևոր: Մենք նախորդ տարի խոսում էինք, որ պետք է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արտապատվիրակենք մասնավոր հատվածի: Գործընկերներն ասացին՝ ի՞նչ է ձեր ուզածը, ասացինք՝ մեր ուզածն այն է, որ ոչ թե վնասով աշխատի Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, այլ շահույթով: Այս տարի արդեն տեսնում ենք, որ եկամտաբերությունն էականորեն աճել է:
Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բարեփոխումների օրակարգն իրականում համախմբում է պետական կառավարման համակարգը: Գործող Կառավարությանը համարելով բարեփոխումների կառավարություն, վարչապետը շեշտում է, որ այդ բոլոր փոփոխությունները հնարավոր չէին լինի, եթե խորհրդարանական գործընկերները չաջակցեին:
Նիկոլ Փաշինյան - Սա ինչի՞ համար եմ ընդգծում, մի տրամաբանության համար, որ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուցիոնալ կայացումը, նրա պետական շահերի սպասարկումը մեզ համար պետք է լինի առաջնահերթ խնդիր: Շատ կարևոր է, որ մենք հենց Հայաստանի Հանրապետության պետական շահն ունենանք մեր աչքի առաջ՝ որպես գործողությունների ուղենիշ և որպես գործողությունների շարժառիթ: Սա հեշտ բան չէ:
Կարևորելով բոլոր բարդություններին և մարտահրավերներին դիմակայելու ինստիտուցիոնալ, բովանդակային բարեփոխումների ճանապարհը՝ վարչապետը շեշտեց՝ իրենց խնդիրն է այնպես անել, որ անձերից հնարավորինս քիչ բան կախված լինի, ավելի մեծ դեր ունենան ինստիտուտները:
Նիկոլ Փաշինյան - Ուզում եմ հիշեցնել՝ մեզ ուղղված ամենամեծ քննադատությունն անորակ կառավարումն է եղել, և այդ մեղադրանքների կուլմինացիան 2020 թվականին էր՝ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ մենք ատամ ատամի, այսպես ասած, մեր գործն էինք անում: Հիմա, երբ աշխարհը հետադարձ ամփոփում է կորոնավիրուսի ճգնաժամի կառավարման արդյունքները, տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առնվազն լավագույններից է եղել ճգնաժամը կառավարողներից: Այն ժամանակ դա նկատելի չէր, այն ժամանակ դեռ մարդիկ և համակարգեր կային, որոնք շատ բարձր էին խոսում, և նրանց ձայնը լսելի էր: Հակառակը, մեր փորձը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ մենք բավարար համարձակություն չենք ցուցաբերել՝ գնալ, մտնել բարեփոխումներ անել, փոփոխություններ անել, մեր ձախողումները եղել են հատկապես այդ հատվածում:
Փաշինյանը չի ժխտում՝ իշխանության գալուց հետո եղել են դժվարություններ, ունեցել են սխալներ, սակայն ձախողում չի եղել ոչ մի համակարգում, որտեղ որոշել ու հեղափոխական եռանդով փոփոխություններ են արել:
Նիկոլ Փաշինյան - 2022 թվականն ինչպե՞ս կանվանենք: Այո, կարող ենք անվանել ամենատարբեր ձևերով. կարող ենք անվանել Հայաստանի դեմ ագրեսիայի տարի, նոր տարածքային կորուստների տարի, Լեռնային Ղարաբաղի խնդրի ավելի բարդացման տարի և այլն: Այո, կարող ենք նաև այդպես անվանել, բայց եթե ուզում ենք օբյեկտիվ գնահատել տարին՝ իրական գնահատականն այն է, որ սա լուրջ, լրջագույն, համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարի է եղել: Ըստ էության, մեր կառավարման բոլոր տարիները եղել են համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումների տարիներ՝ այն տրամաբանությամբ, որ եղել է մի փուլ, որ մենք բավարար համարձակություն չենք ունեցել բոլոր տեղերում այդ բարեփոխումներն ունենալ:
Երկրի ղեկավարը վստահեցրեց՝ իշխանությունը հիմա ունի վճռականություն՝ բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխություններ իրականացնելու, որովհետև գիտելիքն էլ է բավարար, փորձն էլ, նվիրվածությունն էլ:
Հեղինակ՝ Անի Օհանյան