2022 թվականն անորոշությունների տարի է՝ Համաշխարհային բանկի բնութագրումն է: Բանկի կանխատեսմամբ՝ 2022-ը վերջին երկու տասնամյակի երկրորդ վատագույն տարին է՝ 2020-ից հետո: Կանխատեսվում է, որ 2022-ի արդյունքներով աշխարհում ծայրահեղ աղքատների թիվը կհասնի 685 միլիոնի: Եթե 2020-ին պատճառը քովիդն էր, հիմա արդեն՝ Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունները, ինչը հանգեցրել է պարենային խնդիրների, բարձր գնաճի և մարդկանց եկամուտների նվազման:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Էդ աղքատությունը միայն աղքատ երկրների հատկանիշ չի, զարգացած երկրներում էլ կա աղքատություն, և պարզ է, որ էդ գնաճը, որի մասին խոսում էին, էդ երկրներին ևս վերաբերելու է, և էդտեղ էլ խնդիրներ առաջ են գալիս և փորձում են լուծել էդ երկրների կառավարությունները: Ուղղակի էստեղ մի բան կա, որ ավելի լավ մեխանիզմների են տիրապետում այդ երկրները՝ նպատակային, սոցիալական օգնություն:
Մասնագետների գնահատմամբ՝ զարգացող երկրներում աղքատությունն ավելի մեծ է, և ցանկացած ճգնաժամ առաջին հերթին ազդում է այդ երկրների խոցելի խավերի վրա:
Տաթև Վարդանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ)- ՀԲ-ն կանխատեսում է, որ ավելի շատ վնաս են կրելու Աֆրիկայի պետությունները, որովհետև դեռ մինչև քովիդն էլ իրենք շարունակում էին մնալ ծայրահեղ աղքատության դեմ պայքարի էդ թիրախային խմբում գտնվող երկրների մեջ, և էս առումով իրենց համար մարտահրավերները բավականին շատ են:
Համաշխարհային բանկն իր վերլուծության մեջ նշում է՝ ծայրահեղ աղքատ են համարվել այն մարդիկ, որոնց օրական եկամուտը չի գերազանցում 2.15 դոլարը:
Տաթև Վարդանյան - Աղքատության ցուցանիշը նաև ցույց է տալիս մարդու կյանքի որակը, և դրա նվազումը բերում է մարդու կյանքի որակի բարելավման, և էս դեպքում նաև ստացվում է, որ ծայրահեղ աղքատության ավելացումը բերելու է նրան, որ բնակչության կյանքի որակը նվազելու է, բերելու է թերսնուցման, չհաշված նաև առողջապահական համակարգի ճգնաժամը, կրթական, այսինքն՝ ավելի քիչ մարդիկ են հասանելի ունենալու այն ծառայություններից, որոնք անհրաժեշտ են իրենց:
Ըստ Բագրատ Ասատրյանի՝ աղքատությունը տնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկն է, նա հիշեցնում է՝ նախկինում մեծ ճգնաժամերը Հայաստանում ավելի էին խորացնում տնտեսական և սոցիալական վիճակը, միևնույն ժամանակ նշում է՝ գնաճը որոշակիորեն կխանգարի աղքատության հաղթահարմանը:
Բագրատ Ասատրյան - Հայաստանը էս տարվա արդյունքում, ըստ ընդհանուր գնահատականների՝ միջին զարգացածության երկիր ա դառնալու, մենք հավանաբար ամփոփենք տարին մեկ շնչին ՀՆԱ-ն՝ 6 հազարից մինչև 7 հազար դոլար: Դա զարգացող երկրի ցուցանիշ է, դա աղքատ երկրի ցուցանիշ չէ, բայց դրա կողքը մենք ունենք աղքատության բավականին ծանր ցուցանիշներ:
2021 թվականի տվյալով՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 26.5%, ինչը 2020-ի համեմատ պակաս է 0.5 տոկոսով։ Ծայրահեղ աղքատությունը սակայն 0.7-ից դարձել է 1.5 տոկոս: Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2030 թվականին աշխարհի բնակչության 7 տոկոսը դեռևս կհամարվի ծայրահեղ աղքատ, ինչը գերազանցում է տվյալ ժամանակահատվածի համար կառույցի սահմանած 3 տոկոս նպատակային ցուցանիշը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան