Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին. նպատակը անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը, ինչպես նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը:
««Ներկայումս գործող քրեական օրենսգրքում պատասխանատվություն է նախատեսված սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ՝ Սահմանադրության առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու և դրան ուղղված բռնի կոչերի համար։ Այսինքն՝ գործող քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Մինչդեռ, ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է։
Պետության ինքնիշխանությունը պետությանը բնորոշ գերակայություն է իր տարածքում և իր անկախությունը միջազգային հարաբերություններում, հետևաբար, ինքնիշխանությունը պետությանը բնորոշ առավել ընդհանուր իրավաբանական հատկություններն արտացոլող հասկացություն է, ուստի ներկայացվող նախագծի նպատակն է նախատեսել անմիջականորեն պետության ինքնիշխանության, նաև որպես պետական անվտանգության տարրի պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ: Այս համատեքստում հարկ է կարևորել այն հանգամանքը, որ միջազգային փաստաթղթերում, մասնավորապես ՄԻԵԴ-ի դատական պրակտիկայում, պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը և այն համարվել է իրավաչափ ու լեգիտիմ:
Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները։ Դրանք են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, իսկ դրանց ուղղված հրապարակային կոչերը տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ ազատազրկում առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ ԶԼՄ-ները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, կարող է սպառնալ 2-ից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում»,- պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց օրինագծի ընդունումը և նշեց, որ նախատեսվող փոփոխությունների արդյունքում որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն չունենալու մասին և ընդհանրապես չի կարող ինքնիշխանությունը նսեմացնելու և դրան ուղղված գործողություններ կատարել։
Արձագանքելով՝ ՀՀ արդարադատության նախարարը նշեց. «Կարևոր է նաև արձանագրել, որ նման կարգավորումներ առկա են Քրեական օրենսգրքում՝ վերաբերելի տարածքայի ամբողջականությանն խախտելուն ուղղված գործողություններին և նաև դրա հետ կոչերի հետ կապված կարգավորումներին: Այս նոր նախագիծը շատ տրամաբանական է և փակում է այդ ողջ շղթան, որը վերաբերելի է հենց ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և Սահմանադրական ամենակարևոր երաշխիքներին»: