ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմի իրավասու պաշտոնատար անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել քրեական վարույթներով քննչական գործողություններին ներգրավվելու որակավորում ստացած մի խումբ հոգեբանների հետ, որին հեռավար եղանակով մասնակցում էին նաև մարզաբնակ հոգեբաններ։ Այդ մասին ասված է ՔԿ-ի Ֆեյսբուքի էջում:
«Խորհրդակցության նպատակն էր քննարկել ՀՀ քրեական դատավարության գործող՝ նոր օրենսգրքով անչափահասների, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն դրա որակավորումն ունեցող հոգեբանների ներգրման նոր ինստիտուտի սահուն ներդրման և գործարկման հետ կապված խնդիրներն ու ընթացակարգերը։
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ քննչական գործողության կատարմանը ներգրավվում է Կառավարության սահմանած կարգով որակավորված հոգեբան: Ընդ որում՝ եթե ներկայում դեռևս իրավաչափ է համարվում նշված կատեգորիայի անձանց հետ կատարվող քննչական գործողություններին մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը, ապա 2023 թ․ հունվարի 1-ից նման գործառույթ կարող են իրականացնել միայն որակավորված հոգեբանները:
Օրենսդրական այս պահանջի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության 2022 թ․ հունիսի 9-ի համապատասխան որոշման հիման վրա նշված գործողություններին մասնակցելու իրավասություն է տրվել 25 հոգեբանի, ովքեր սահմանված ընթացակարգերն անցնելու արդյունքում ստացել են անհրաժեշտ որակավորվում:
Վերջիններիս հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն առանձնահատուկ վերաբերմունք պահանջող նշված կատեգորիայի անձանց իրավունքների պաշտպանվածության, մասնագիտական աջակցության առավել բարձր մակարդակ ապահովելու տեսանկյունից ընդգծել է համապատասխան քրեական վարույթներով քննչական գործողությունները միայն որակավորված հոգեբանների ներգրավմամբ իրականացնելու օրենսդրական նոր պահանջը։ Նա հույս է հայտնել, որ հոգեբանները նախանձախնդրությամբ կմոտենան իրենց առաքելությանը։
Շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, ՀՀ ՔԿ ներկայացուցիչները հոգեբաններին մանրամասն պարզաբանել են քրեական վարույթների շրջանակում նրանց կողմից մատուցվելիք ծառայությունների իրավական ընթացակարգերը, իրավապայմանագրային հարաբերությունների, քննիչների հետ աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները։
2023 թ․ հունվարի 1-ից անչափահասների, անգործունակների կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողությունների կատարմանը միայն որակավորված հոգեբանների ներգրավման նոր ինստիտուտի գործարկման սահունությունն ապահովելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեն արդեն իսկ հատուկ շրջաբերականով իր տարածքային բոլոր ստորաբաժանումներին տվել է անհրաժեշտ հանձնարարականներ»,- նշված է գրառման մեջ։