ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԽՈՒՄ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՇԱՀԵՐԻՑ. ՓԱՅԼԱՆ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Գարո Փայլանը դիմել է Ռեջեփ Էրդողանին՝ կոչ անելով «ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու ուղղությամբ»: «Կովկասում խաղաղության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը բխում է նաև Թուրքիայի շահերից։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, թե՛ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում, թե՛ Հայաստան-Թուրքիա-կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- նշել է Փայլանը։
ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ 3-ՐԴ ԿՈՂՄ ՉԿԱ. ՔԸԼԸՉ
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Անկարայի համալսարանում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով դասախոսություն է կարդացել: Նա նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև շուտով կարող են օդային բեռնափոխադրումներ իրականացվել:
«Որոշ աշխատանքներ պետք է տարվեն: Կան քայլեր, որոնք մենք պետք է անենք: Քայլեր էլ կան, որոնք, ակնկալում ենք հայերը կանեն: Այդ դեպքում կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում հատուկ ներկայացուցիչների ևս մեկ հանդիպում կկազմակերպվի։ Երրորդ երկրում հանդիպելու անհրաժեշտություն արդեն չկա»,- ասել է դիվանագետը։
Քըլըչի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը տեղի է ունենում բացառապես երկու երկրի միջև՝ առանց երրորդ կողմի միջամտության կամ մասնակցության: Նա նաև կարծիք է հայտնել, որ եթե Հայաստան-Թուրքիա գործընթացում դրական զարգացումներ լինեն, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ևս առաջընթաց կգրանցվի:
ԱՆԿԱՐԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑՈՒՄ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Մևլութ Չավուշօղլուն տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործակցությունն այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ առհասարակ կարող է լինել երկու երկրի միջև։
«Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ շարունակում ենք Հայաստանի հետ կարգարվորման գործընթացը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Դիվանագետը նշել է, որ ինչպես ցանկացած հարցում, Լաչինի միջանցքի դեպքում ևս Բաքուն մենակ չէ, Անկարան աջակցում է նրան:
ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԴՐԱԿԱՆ Է ՈՐԱԿԵԼ ՌԴ-ԹՈՒՐՔԻԱ-ՍԻՐԻԱ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Թուրքիայի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում պաշտպանության նախարարների և հետախուզության կենտրոնների ղեկավարների մակարդակով Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա եռակողմ հանդիպումը օգտակար էր Սիրիայում իրավիճակի կարգավորման ճանապարհային քարտեզի շուրջ փոխզիջման հասնելու առումով։
«Դամասկոսի հետ շփումները կարևոր են, եթե ուզում ենք քաղաքական ճանապարհով կայուն խաղաղություն հաստատել: Դա կօգնի նաև փոխզիջման հասնել ռեժիմի և սիրիական չափավոր ընդդիմության միջև»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն, հավելել՝ հարկավոր է նաև ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել։
Դիվանագետը միաժամանակ ընդգծել է, որ չնայած սիրիական իշխանությունների հետ ուղիղ շփումներին՝ Անկարան «կշարունակի վճռականորեն պայքարել ահաբեկչության դեմ Սիրիայում»։
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿՆ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՑԵԼ. ԶԵԿՈՒՅՑ
Ադրբեջանի Քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև քաղաքական, քաղաքացիական և կրոնական ակտիվիստների վրա ճնշումներն էլ ավելի են մեծացել։
Ըստ փաստաթղթի՝ ԶԼՄ-ների մասին նոր օրենքը խախտում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության մասին դրույթը և ուժեղացնում կառավարության վերահսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ։ Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումն էլ խախտում է նույն կոնվենցիայի հավաքների ազատության մասին դրույթը:
Կենտրոնի տվյալով՝ 2022 թվականին Բաքվի գործադիր իշխանությունը բողոքի ոչ մի ակցիա չի թույլատրել, իսկ խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են, դրանց մասնակիցները բերման են ենթարկվել, արձանագրվել են ձերբակալվածների խոշտանգման դեպքեր: