Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու պատճառով ԼՂ-ում հումանիտար իրավիճակն օր օրի սրվում է: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնվելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի: Խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս ամենը հաշվի առնելով՝ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:
«Նրա խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- ասաց Փաշինյանը:
Աշխատանքային խմբում կընդգրկվեն նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: