ՌԴ-Ն ԱՄԵՆ ԿԵՐՊ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ. ԼԱՎՐՈՎ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ամփոփել է անցնող տարին: Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և արդյոք դրանում կնշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:
Սերգեյ Լավրով (ՌԴ ԱԳ նախարար) - Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Երևանին և Բաքվին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում խաղաղության ապագա պայմանագրի բովանդակությունը։ Ռուսաստանը, որը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերություն է վարում և դաշնակցային հարաբերություններ ունի, ամեն կերպ աջակցում է այդ գործընթացին՝ այն ձևով և ծավալով, որով հետաքրքրված են մեր ադրբեջանցի և հայ բարեկամները։
ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՆ ԵՎ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ
Թեմային անդրադարձել է նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում Ռուսաստանը հիմնվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների ամբողջական համալիրի, այդ թվում ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 4 հայտարարությունների վրա:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Դրանք հուսալի հիմք են՝ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար: Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ մեզ դաշնակցային պարտավորություններ են կապում: Ուստի, որպես միջնորդ՝ մենք մշտապես այնպիսի դիրք են գրավում, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը: Հուսով եմ՝ Հայաստանում դա գիտեն:
Խոսելով ՀԱՊԿ-ում Ռուսաստանի պարտավորությունների մասին՝ դիվանագետը նշել է, որ Երևանի շահագրգռվածության դեպքում կազմակերպության մյուս անդամները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան:
Զախարովան հերքել է նաև պնդումները, թե Մոսկվան Երևանին ստիպում է միանալ Միութենական պետությանը և արտատարածքային միջանցք տրամադրել Ադրբեջանին:
Մարիա Զախարովա - Երեք երկրների ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային միջոցների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ։ Քննարկվում են նաև Հայաստանի հարավում երկաթգծի վերագործարկման հետ կապված հարցեր։ Այս աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չի վիճարկում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են։
Ճեպազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին և իրավիճակի կարգավորման հարցում ռուսական խաղաղապահ զորախմբի անգործությանը:
Մարիա Զախարովա - Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահ առաքելության հասցեին հնչող քննադատություններին՝ դրանք անընդունելի են: Նրանք անում են հնարավորը՝ տեղում իրավիճակի կարգավորման համար: Որևէ հանրային քննադատություն գործին չի օգնում: Ավելի վատ իրավիճակներ էլ են եղել: Ամեն ինչ անում ենք իրավիճակը լավացնելու համար:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը բացառել է Լաչինի միջանցքի բացման հարցում Մինսկի խմբի մյուս անդամների հետ հնարավոր գործակցությունը՝ շեշտելով, որ այդ ձևաչափի գործունեությունն արգելափակվել է՝ և ոչ Մոսկվայի կողմից:
ՌԴ-Ն ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՊԵՍԿՈՎ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ չնայած Հայաստանի վարչապետի քննադատությանը՝ Ռուսաստանը իրականացնում է և մտադիր է շարունակել կատարել իր միջնորդական պարտավորությունները, առաջին հերթին նրանք, որոնքձեռք են բերվել եռակողմ ձևաչափով:
Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - Լաչինի միջանցքի թեման բավական մանրամասն քննարկվել է օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին- Փաշինյան հանդիպման ընթացքում: Այդ թեմայով շփումները կշարունակվեն:
Պեսկովն անդրադարձել է նաև ԼՂ միջազգային խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման գաղափարին, ընդգծել՝ դրա համար անհրաժեշտ է, որ հակամարտության երկու կողմն էլ տա իր համաձայնությունը: