Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը դեկտեմբերի 27-ին Անկարայի համալսարանում դասախոսություն է կարդացել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով:
Քըլըչը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև շուտով կարող են սկսվել օդային բեռնափոխադրումներ:
«Կան որոշ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք, որ շուտով կիրականացվեն։ Կան քայլեր, որոնք մենք պետք է անենք: Կան քայլեր, որոնք ակնկալում ենք, որ հայերը կանեն: Եթե դրանք հնարավոր լինի անել, ևս մեկ հանդիպում կկազմակերպվի հատուկ ներկայացուցիչների միջև կա՛մ Հայաստանում, կա՛մ Թուրքիայում։ Արդեն անհրաժեշտություն չկա որևէ երրորդ երկրում հանդիպելու»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը բացառապես տեղի է ունենում երկու երկրի միջև՝ առանց երրորդ կողմի միջամտության կամ մասնակցության: Քըլըչը կարծիք է հայտնել, որ եթե Հայաստան-Թուրքիա գործընթացում դրական զարգացումներ լինեն, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ևս առաջընթաց կլինի: