Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու համար Կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Հաշվի առելով 2021 թվականի մայիսի 12-ից հետո Հայաստանի սուվերեն տարածքի վրա ադրբեջանական հարձակումն ու օկուպացիան, ավելի հրատապ է դառնում միջազգային պայմանագրի վավերացումը՝ զեկուցեց արդարադատության նախարարը՝ նշելով՝ սա այն ատյանն է, որտեղ քննվում են ցեղասպանություններին, պատերազմական, նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող գործերը:
Գրիգոր Մինասյան (ՀՀ արդարադատության նախարար) - ՍԴ կողմից դրական որոշման առկայության դեպքում մենք միջազգային քերական դատարանի իրավապահ գործիքակազմը ներգրավելու ենք, որպեսզի ՀՀ ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործությունները արդեն միջազգային ատյանները կարողանան քննել, և անկախ նրանից, թե հակառակ կողմը այդ պայմանագրի անդամ է թե ոչ, որպես քրեական հանցագործի՝ կկարողանան պատասխանատվության ենթարկել:
Ադրբեջանն այս կանոնադրության անդամ չէ: Եթե Բարձր դատարանը վավերացնի փաստաթուղթը, Հայաստանը կլինի տարածաշրջանում երկրորդ երկիրը Վրաստանից հետո: Առաջին անգամ՝ դեռ 2004-ին, ՍԴ-ն Հռոմի ստատուտը մայր օրենքին հակասող էր ճանաչել, դրանից հետո Սահմանադրությունը երկու խմբագրություն է անցել, ու գործադիրում կարծում են՝ ժամանակն է վերավավերացման գործընթաց սկսելու:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս որոշումը մենք կայացրել ենք երկար քննարկումների արդյունքում և հույս ունենք, որ նաև ՍԴ-ն Սահմանադրության համապատասխանության հարցը կորոշի, որովհետև, իսկապես, երկու անգամ փոխվել է Սահմանադրությունը, ու, մեր դիտարկումներով, նախկինում գոյություն ունեցած խոչընդոտներն այլևս գոյություն չունեն:
Միջազգային իրավական հարցերով մեր երկրի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ տեղեկացրեց՝ 123 պետություն է վավերացել կանոնադրությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարն էլ կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանն էլ դառնա նման հանցագործությունները մերժող մեծ ընտանիքի անդամ: Նկատեց՝ նախագիծն ամբողջութամբ համապատասխանում է Կառավարության որդեգրած խաղաղության օրակարգի քաղաքականությանը:
Արմեն Գրիգորյան (ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար) - Իհարկե, ցավոք սրտի, Հայաստանի սուվերեն տարածքը շարունակվում է դիտարկվել հարևան պետության կողմից որպես տարածք կամ որպես սպառնալիք ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե, այս կանոնադրությունը չի հերքելու այդպիսի նպատակները, բայց կարևոր է, որ այն մեսիջ է ուղղելու, որ ՀՀ սուվերեն տարածքը և ՀՀ քաղաքացիները գտնվում են այս կանոնադրության իրավազորության ներքո, և դա կարևոր մեսիջ է նաև միջազգային հանրության համար:
ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԿՈՉԸ, ԱՐԱՐՔԸ՝ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ
Իրավական մյուս փաթեթով էլ գործադիրը որոշեց լրացումներ կատարել քրեական օրենսգրքում: Նախարար Մինասյանը զեկուցեց՝ ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններն ու կոչերը կդառնան քրեորեն պատժելի:
Գրիգոր Մինասյան - Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվելու է ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, իսկ դրան ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Իսկ եթե այդ կոչերը կատարվեն՝ օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ լրատվամիջոցները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-ից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում:
Պետական անվտանգության պաշտպանության կոնտեքստում ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում լեգիտիմ ու իրավաչափ է ճանաչել խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը՝ նկատեց նախարարը: Նախագծին անդրադարձավ նաև վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Սա նշանակում է, որ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն չունենալու մասին և, ընդհանրապես, չի կարող ինքնիշխանությունը նսեմացնելու և դրան ուղղված գործողություններ կատարել։
2,5 ՄԼՐԴ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԻ 4 ԴՊՐՈՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
Զեկուցվող վերջին հարցը սպորտային էր, 2.5 միլիարդ դրամ հատկացվեց ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով:
Նիկոլ Փաշինյան - Մենք լավ նվեր ունենք Իջևանի, Դավթաշենի, Արտաշատի ու Մարտունի երեխաներին:
Երևանում, Արարատում, Գեղարքունիքում ու Տավուշում դպրոցների կառուցմամբ կզբաղվի ֆուտբոլի ֆեդերացիան: Սա աննախադեպ աջակցություն է ֆեդերացիային ու մարզաձևի զարգացմանը՝ ասաց նախարար Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Այստեղ կունենանք ֆուտբոլային թիմեր:
2.5 միլիարդը ծրագրով նախատեսված նախնական արժեքի կեսն է, ըստ ընթացքի՝ ապագայում հատկացումներ կարվեն՝ նշեց նախարարը: Ֆեդերացիայի նախագահն էլ մանրամասնեց՝ շինարարությունը կարվի ՈՒԵՖԱ-ի չափանիշներով, նախատեսում են 2024-ին շահագործման հանձնել:
Արմեն Մելիքբեկյան (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ) - 1000 տեղանոց տրիբունա ենք նախատեսում բոլոր տեղերում: Դա նշանակում է՝ բոլոր տեսակի հանդիպումները՝ Հայաստանի առաջնությունների և Հայաստանի ազգային հավաքակաների, բացառությամբ ազգային հավաքականի, որ կարող են լինել, դա հնարավորություն կտա նաև մարզերում անցկացնել:
Վարչապետը հետաքրքրվեց՝ մարզիչների խնդիրն ինչպես է լուծվելու: Ֆեդերացիան լիցենզավորում է անում կրկին ՈՒԵՖԱ-ի ծրագրով, հրավիրյալ իսպանացի մասնագետներով՝ ասաց Մելիքբեկյանը: Մարզերում 120 մարզիչ կա այս պահին, հաջորդ տարի փորձելու են նրանց թիվն անցելացնել:
Կարևորելով ծրագիրն ու դրա կատարման որակը՝ վարչապետը նկատեց՝ այս որոշումը կայացվել է՝ ելնելով նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, որում շեշտվում է՝ ազգային հավաքականին տեսնել որպես Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մրցանակակիր:
Նիկոլ Փաշինյան - Լավ հավաքական, բարձր մակարդակի հավաքական հնարավոր է ունենալ, երբ հնարավորինս մեծ թվով երեխաներ ֆուտբոլ են խաղում, և ֆուտբոլային մասնագետները հնարավորություն են ունենում ավելի մեծ թվից ընտրություն կատարել, նկատել առանձնահատուկ տաղանդը, և սա է, որ բերելու է ֆուտբոլի իրական ֆունդամենտալ զարգացմանը:
Ներդրումային ծրագիրը կապված է նաև տարածքային համաչափ զարգացման հետ՝ նշեց Փաշինյանը: Կարևորեց, որ դպրոցում էլ աշակերտներն ակտիվ սպորտով զբաղվեն, ֆիզկուլտուրայի դասերն էլ՝ պայմանների բացակայության պատճառով դասասենյակներում չանցնեն: Նախարար Անդրեասյանը հիշեցրեց՝ այս տարի բյուջեի միջոցներով 30 դպրոցում մարզադահլիճներ են կառուցվել ու վերակառուցվել: Լավ լուր էլ հայտնեց՝ խաղային մարզաձևերից ֆուտզալի հավաքականը ձեռք է բերել աշխարհի առաջնության ընտրական փուլի ուղեգիր:
Սա Կառավարության 22-ի վերջին նիստն էր, վարչապետը շնորհավորեց գալիք տոներն ու կաբինետին հիշեցրեց՝ հունվարի 3-ին կվերսկեն աշխատանքը: