Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պարզեցնել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխված անձանց կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման գործընթացը:
Որոշմամբ առաջարկվում է Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չստանալու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի գործը Ուկրաինայից պահանջելու և վճարումը ՀՀ-ում շարունակելու կամ կենսաթոշակ նշանակելու համար, անձին նոր հիմունքներով նշանակել կենսաթոշակ՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ հայտարարություն համաձայնագրի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու) մասին (եթե դիմողը ՀՀ քաղաքացի կամ ՀՀ երկքաղաքացի է) կամ այլ պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու մասին (եթե դիմողը Ուկրաինայի քաղաքացի է)։
Միաժամանակ, հաշվի առնելով առկա դիմումները՝ առաջարկվում է նաև որոշման գործողությունը տարածել նաև այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացվել է 2021 թ. հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո։