Հայաստանի Հանրապետության երազանքների քաղաքացու հավաքական կերպար. վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշումն է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության մասնակիցներին: Կոշկագործից մինչև հրուշակագործ ու ԱԹՍ-ների արտադրության ներկայացուցիչները մեր ժամանակի հերոսներ են: Մարդիկ, որոնք կայացրել են իրենց փոքրիկ, բայց հեռանկարային բիզնեսը, իսկ նրանցից 13-ը նաև մրցանակակիր են: Գլխավոր մրցանակին արժանացել է էլեկտրոնիկայի, ճարտարագիտության դասընթացներ անցկացնող և ԱԹՍ-ներ ստեղծող «Ասթրընոթ» ընկերության հիմնադիր Արմեն Դարբինյանը: Մեր երկրի առաջ կանգնած վերջին մարտահրավերներն են ստիպել հասկանալ, որ պետք է զարկ տալ ճարտարագիտության ու էլեկտրոնիկայի զարգացմանը՝ Հայաստանում և Արցախում:
Նա վստահ է՝ բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատասիրությունն ու գիտելիքի կուտակումն է:
ԱՆՀՆԱՐ Է՝ ԽՆԴԻՐԸ ՉՈՒՆԵՆԱ ԼՈՒԾՈՒՄ. ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Արմեն Դարբինյան («Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր) - Մենք իրապես կապահովենք տեխնոլոգիական աճ, եթե կարողանանք տրված ժամանակում լուծել խնդիրը. հաճախ տվյալ խնդիրը արդիական է մեր ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է գործել հետհաշվարկի եղանակով: Իհարկե, խնդրի լուծման ճանապարհին բախվում ենք բազում անհաջող փորձերի, բայց այն գիտակցությունը, որ անհնար է՝ խնդիրը լուծում չունենա, լցնում է համառությամբ ու կոփում կամքը:
ԶԻՆՎՈՐՆ ՈՒԺԵՂ Է ԹԻԿՈՒՆՔՈՎ. ՎԱՐՉԱՊԵՏ
Մեր ժամականի հերոսներն այս պահին մարդիկ են, որոնք տնտեսության ոլորտում և որպես հարկ վճարողներ դեռ մեծ նվաճումների չեն հասել, սակայն այս մրցանակաբաշխությունն այդ մարդկանց խրախուսելու, քաջալերելու համար է՝ ասաց վարչապետ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սա այն մասին է, որ մարդիկ որոշել են այս երկրում քարը քարի վրա դնելու, միավոր ստեղծելու, արժեք ստեղծելու ճանապարհին վերցնել պատասխանատվություն իրենց վրա և արդեն իսկ արձանագրել են որոշակի հաջողություններ. առաջին հերթին՝ իրենց համարձակությամբ, իրենց ստեղծագործականությամբ և իրենց վճռականությամբ հայտ ներկայացնելու, միանալու հարկ վճարողների այն մեծ բանակին, որոնք ամեն տարի նորանոր միլիարդներով հարստացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, որով կանխորոշվում է, թե ինչ պայմաններում է ծառայելու մեր զինվորը, որով կանխորոշվում է, թե ինչ սպառազինություն ունի մեր զինվորը, ինչ հագուստ ունի, ինչ կոշիկ է հագնում և ինչ սննդով է սնվում:
Զինվորի և առաջնագծի հերոսությունը տրամաբանական արդյունքի է հանգում թիկունքի ամրությամբ՝ նշել է վարչապետը, նկատել՝ տնտեսության մեջ գեներացվող միջոցներն են նաև անվտանգության երաշխավորը:
Նիկոլ Փաշինյան - Պիտի բերեմ ամենաթարմ օրինակը. այս տարի Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ բանակում վճարվել է 13-րդ աշխատավարձ՝ 100 տոկոս դրույքով: Դա ո՞ւմ շնորհիվ է: Դա, առաջին հերթին, հարկ վճարողների շնորհիվ է, այն մարդկանց շնորհիվ, ովքեր, ի հեճուկս բոլոր շարունակական ճգնաժամերի, շարունակում են աշխատել, որովհետև երկրի ինստիտուցիոնալ կայացման և բանակի, անվտանգության, ոստիկանության, պետական անվտանգության մարմինների գործունեությունն ապահովվում է, այսպես ասած, ավելացված արժեքի ստեղծմամբ:
Երկրի ղեկավարն առանձնահատուկ ընդգծեց, որ հատկապես այսօրվա պայմաններում, երբ հայ ազգը Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցի խնդիր ունի, առավել պատեհ է համարում այս մրցանակաբաշխության իրագործումը:
Նիկոլ Փաշինյան - 2022 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից աննախադեպ ծավալների՝ շուրջ 164 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղին: Ավելին՝ վաղվա որոշումով՝ արդեն կլինի 168 մլրդ: Այդ գումարն ամենևին Կառավարության անդամները չեն ստեղծել: Այդ գումարն ստեղծել են հազարավոր այն մարդիկ, որոնք տնտեսվարում են, ստեղծում են, արարում են, և այսօր նրանցից ընդամենը մի քանիսին՝ 13-ին, մենք մրցանակ կհանձնենք: Բայց այս մրցանակը Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող, աշխատող, արարող և ազնիվ հարկ վճարող յուրաքանչյուր քաղաքացունն է, յուրաքանչյուր տնտեսվարողինը, յուրաքանչյուր կազմակերպությանը:
ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԿԵՐՏՈՒՄ ԱՅՍՕՐՎԱ ԵՎ ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ. ՆԱԽԱԳԱՀ
Մեր ժամանակի հերոսներին մրցանակները հանձնելու արարողությանը ներկա էին Հանրապետության նախագահը, գործադիրի և օրենսդիրի ներկայացուցիներ: Մեծ պատիվ է մրցանակ հանձնել այնպիսի մարդկանց, որոնք կերտում են այսօրվա և վաղվա Հայաստանը՝ ասաց նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ մաս) - Այսօրվա համաշխարհային մրցակցության մեջ հաջողություն են ունենում և ունենալու են այն երկրները, որոնցում գնահատվում է ազատությունը, միտքը, ստեղծագործական միտքը: Այսօր մենք հավաքվել ենք ամփոփելու 2022 թվականի այն հաջողությունները կամ այն մտքի դրսևորումները, որոնք առանձնացրել ենք այս 13 հաղթողների ցուցակով: Շնորհավորում եմ բոլորին, բոլոր մրցանակակիրներին: Շնորհավորում եմ նաև մեզ, որ այսօր այս դժվարին պայմաններում մենք համարձակություն ենք ունեցել և այս միջոցառումն ենք անցկացնում: Ես սա գնահատում եմ: Մենք պետք է շարունակենք այսպես: Դժվարություններ ունենալու ենք, սակայն դժվարությունները հաղթահարելու ձևը սա է:
«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը հիմնվել է 2018-ին և առաջին անգամ իրագործվել է 2019 թվականին: Մրցանակաբաշխությունը հիմնականում կայացել է Հայաստանի անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:
Հեղինակ՝ Անի Օհանյան