Նոր տարին Հայաստանն առանց ձյան կդիմավորի. մինչև հունվարի 5-ը ներառյալ սպասվում է արևային եղանակ. օդերևութաբանների կանխատեսումն է:
Գագիկ Սուրենյան (ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ) - Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան, ++, նախալեռնային հատվածներում՝ մինչև 10 աստիճան, իսկ Սյունիքի և Տավուշի հովտային գոտիներում մենք կարձանագրենք մինչև +16 +17 աստիճան տաքություն: Արարատյան դաշտի և Երևանի հատվածի համար առաջիկա հինգ օրերին կանխատեսվող ջերմային ֆոնը՝ գիշերային ժամերին՝ մոտ 3-6 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին՝ մինչև 6 աստիճան տաքություն:
Հունվարին կանխատեսվում է տաք եղանակ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է լինելու 2-3 աստիճանով, իսկ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից պակաս: Սակայն սա չի նշանակում, որ ամսվա ոչ մի օր տեղումներ չեն լինելու, կամ օդի ջերմաստիճանը հանրապետության առանձին հատվածներում չի նվազելու:
Գագիկ Սուրենյան - Դա բնավ չի նշանակում, որ հունվարի բոլոր օրերը հանրապետության տարածքում անցնելու են տաք: Դա նշանակում է, որ օրերի մեծ մասը լինելու է ավելի տաք, բայց չեն բացառվում առանձին օրեր, երբ ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ հանրապետության առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը նվազի:
2022-ը բավականին տաք և սակավատեղում տարի է եղել՝ ամփոփելով նշում է Սուրենյանը, շեշտում՝ տարին նաև անոմալ եղանակային ռեժիմով է աչքի ընկել՝ չի եղել գրեթե մեկ ամիս, երբ և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը լինեն նորմայի սահմանում:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան