ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱՐԻԿԱԴՆԵՐԸ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի և Մետոխիայի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում կառուցված բարիկադների ապամոնտաժումը կսկսվի այսօր՝ դեկտեմբերի 29-ին, և կտևի 24-ից 48 ժամ։
Կոսովոյի սերբերը զանգվածային ցույցեր էին սկսել և բարիկադներ կառուցել այն բանից հետո, երբ Կոսովոյի ոստիկանությունը ձերբակալել էր նախկին սերբ ոստիկանի, որն աշխատանքից ազատվել էր՝ այդպիսով իր բողոքը հայտնելով սերբական պետհամարանիշները փոխելու՝ Կոսովոյի որոշմանը: Ցուցարարները համաձայնել են ապամոնտաժել բարիկադները, սակայն պահանջներ են առաջ քաշել, այն է՝ ապահովել սերբ բնակչության անվտանգությունը և պահպանել Կոսովոյի կազմում սերբական ինքնավար տարածաշրջանի կարգավիճակը։
Վուչիչի հետ համատեղ ասուլիսում Սերբիայի նախարարների կաբինետին կից Կոսովոյի և Մետոխիայի հարցերով գրասենյակի ղեկավար Պետար Պետկովիչն էլ տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը երաշխիքներ են տրամադրել, որ բողոքի ցույցերի մասնակցած սերբերը չեն ձերբակալվելու և չեն հետապնդվելու։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Երեկ 11 տարվա ընթացքում առաջին անգամ Մոսկվայում տեղի է ունեցել Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը: Արաբական Հանրապետության պաշտպանության գերատեսչությունից նշել են, որ քննարկումներն անցել են դրական մթնոլորտում։ Հանդիպմանը մասնակցել են նաև հետախուզական կազմակերպության ղեկավարները: Օրակարգում են եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը, սիրիական ճգնաժամը կարգավորելու ուղիները, ահաբեկչության դեմ պայքարը և փախստականների հարցը: Կողմերն ընդգծել են տարածաշրջանում կարգավորման նպատակով եռակողմ հանդիպումները շարունակելու անհրաժեշտությունը:
Թուրքական կողմն էլ հայտնել է, որ Թուրքիան և Սիրիան առաջիկա օրերին կշարունակեն շփումները ռազմական գերատեսչությունների մակարդակով։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հույս է հայտնել, որ նախատեսված քննարկումները կնպաստեն Սիրիայում և ողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԴՈՒԺԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ՔՐԴԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ
Թուրքիայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցրել Իրաքյան Քրդստանի հյուսիսում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության օբյեկտներին՝ հայտնում են լրատվամիջոցները: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
ԶԼՄ-ների տվյալով՝ Սիրիայում վերջին շրջանում հարաբերական հանգստություն էր պահպանվում, սակայն թուրքական անօդաչու թռչող սարքերն այս ուղղությամբ ևս վերսկսել են հարձակումները Եփրատ գետի արևելյան ափին ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ: Ընդհանուր առմամբ, նոյեմբերին թուրքական «Ճանկ-սուր» գործողության մեկնարկից ի վեր Սիրիայի հյուսիսում շուրջ 120 խաղաղ բնակիչ է զոհվել։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿԻԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼԵԿՈՐՆՅՈՒԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուին: Կողմերը քննարկել են Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու հնարավորությունները և այդ գործընթացում Փարիզի ջանքերը։ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնյային՝ Կիևին «Կեսար» հրետանային ինքնագնաց կայանքներ տրամադրելու և 200 միլիոն եվրոյի աջակցության հիմնադրամ հիմնելու համար, որի շնորհիվ Ուկրաինան կկարողանա սարքավորումներ գնել անմիջապես ֆրանսիական արտադրողներից:
Լեկորնյուն նշել, որ Ֆրանսիան կշարունակի օգնել Կիևին, առաջիկայում ուկրաինական կողմը կարող է նաև «Միստրալ» հակաօդային պաշտպանության համակարգ ստանալ:
ՖԻԼԻՊԻՆՆԵՐՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱ ԱՎԵԼԻ ՔԱՆ 30 ԶՈՀ
Ֆիլիպիններում ջրհեղեղների հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, 20-ից ավելին անհետ կորած են համարվում, 102 հազարը տարհանվել են։ Երկրի Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների հետևանքների վերացման ազգային խորհրդից հայտնել են, որ ջրհեղեղներից ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 500 հազար մարդ։ Երկրը միլիոնավոր դոլարների վնաս է կրել: