Ղարաբաղում միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Միջազգային խաղաղապահներ կարող են ներգրավվել, եթե դրա համար կա հակամարտության երկու կողմերի համաձայնությունը, և դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանը։ Դուք գիտեք, որ Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից մեկն է, իսկ Ադրբեջանը մեր շատ արժեքավոր և թանկ գործընկերն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ ՌԴ-ն պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնի ռուսական խաղաղապահ զորախմբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատով օժտելու կամ լրացուցիչ խաղաղապահ բազմազգ զորախումբ ուղարկելու մասին:
Կրեմլի խոսնակը հայտարարել է նաև, որ չնայած Հայաստանի վարչապետի քննադատությանը՝ Ռուսաստանը իրականացնում է և մտադիր է շարունակել կատարել իր միջնորդական պարտավորությունները, առաջին հերթին նրանք, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով:
«Լաչինի միջանցքի թեման բավական մանրամասն քննարկվել է օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում: Այդ թեմայով շփումները կշարունակվեն»,- ասել է Պեսկովը: