Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է «Միութենական պետությանը» Հայաստանին անդամակցելու վերաբերյալ հնարավոր ճնշումներին:
Դիվանագետի խոսքով՝ նման պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. որևէ մեկը չի կարող նման փաստեր ներկայացնել:
Զախարովան նշել է, որ կեղծ է նաև Հայաստանի տարածքով Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրելու հարցում Երևանի նկատմամբ ճնշումների առկայության մասին թեզը:
«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային միջոցների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվում են հաղորդակցությունների բացման տարբեր ուղիներ: Դրանց թվում են Հայաստանի հարավում երկաթուղային գծի երթևեկության վերականգնման հետ կապված հարցերը։ Այդ աշխատանքի սկզբունքներից մեկը, որը չեն վիճարկում ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, այն է, որ երթուղիների նկատմամբ ինքնիշխանությունը պատկանում է այն կողմին, որի տարածքով դրանք անցնում են»,- եզրափակել է Զախարովան: