Ադրբեջանի Քաղբանտարկյալների մշտադիտարկման կենտրոնի զեկույցի համաձայն՝ 2022 թ. ընթացքում երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև քաղաքական, քաղաքացիական և կրոնական ակտիվիստների վրա ճնշումներն է՛լ ավելի են մեծացել։
Ըստ փաստաթղթի՝ ԶԼՄ-ների մասին նոր օրենքը խախտում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի՝ խոսքի ազատության մասին դրույթը և ուժեղացնում կառավարության վերահսկողությունը լրատվամիջոցների նկատմամբ։ Կուսակցությունների մասին օրենքի ընդունումն էլ խախտում է նույն կոնվենցիայի հավաքների ազատության մասին դրույթը:
Կենտրոնի տվյալով՝ 2022 թ. Բաքվի գործադիր իշխանությունը բողոքի ոչ մի ակցիա չի համաձայնեցրել, իսկ խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվել են, դրանց մասնակիցները բերման են ենթարկվել, արձանագրվել են ձերբակալվածների խոշտանգման դեպքեր:
Զեկույցում նշվում է, որ ադրբեջանական դատարաններն անհիմն վճիռներ են կայացնում, փաստաբանների գործունեությունը սահմանափակվում է, իրավապահների անօրինական գործողություններն անպատիժ են մնում, քաղաքացիական հասարակությունը ջախջախվում է: