Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Կարո Փայլանը դիմել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով «պատասխանատվություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը դադարեցնելու համար»՝ փոխանցում է Ստամբուլում գործող հայկական «Ակոս» պարբերականը։
«Կովկասում խաղաղության և հանգստության հաստատումը, բախումների և լարվածության կանխումը նաև Թուրքիայի շահերից է բխում։ Եթե Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի վերացման ուղղությամբ բոլորս միասին պատասխանատվություն ստանձնենք, ապա և՛ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, և՛ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում դրական օրակարգի կարող ենք վերադառնալ»,- նշել է Փայլանը։