ՔԱՎԱԼԱՆ ԵՎ ԵՎՍ 7 ՄԵՂԱԴՐՅԱԼ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ԵՆ
Ստամբուլի վերաքննիչ դատարանը հաստատել է իրավապաշտպան Օսման Քավալայի և Գեզիի այգում 2013 թվականի հակաիշխանական բողոքի ակցիայի գործով 7 մեղադրյալի ցմահ ազատազրկման մասին որոշումը։ Թուրքիայի իշխանությունները Քավալային մեղադրում են նաև 2016 թվականին երկրում հեղաշրջման փորձ կատարելու համար։
Հասարակական գործիչը տարիներ շարունակ պայքարել է Թուրքիայում ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու, ազգամիջյան տարաձայնությունները հարթելու համար:
Քավալան հերքում է մեղադրանքները, ՄԻԵԴ-ը, մի շարք այլ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև Վաշինգտոնն ու Եվրամիության երկրները բազմիցս կոչ են արել ազատ արձակել Քավալային։
ԷՐԴՈՂԱՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։
«Էրդողանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի` Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար»,- մանրամասնել է նա։
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը՝ հայտնում են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից: Հանդիպման օրակարգում են եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը, սիրիական ճգնաժամը կարգավորելու ուղիները և փախստականների հարցը:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը բանակցությունները կառուցողական են որակել, ընդգծել տարածաշրջանում կարգավորման նպատակով եռակողմ հանդիպումները շարունակելու անհրաժեշտությունը:
ՌԴ-Ն ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԳԱԶԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Մոսկվան և Անկարան սկսել են Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագծի շուրջ աշխատանքները, հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Նա հիշեցրել է, որ ավելի վաղ նման որոշում են կայացրել Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները:
Միլլերի պնդմամբ՝ գազային հանգույցը բնական գազի շուկայում թափանցիկ և արդար գնագոյացում կապահովի։ Ամփոփելով 2022 թվականի արդյունքները՝ նա հավելել է, որ երկու երկրի միջև կառուցված ստորջրյա «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարներն աշխատում են առանց խնդիրների։
ՊԵՍԿՈՎԸ՝ ՌԴ-ՈՒԿՐԱԻՆԱ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ խաղաղության որևէ ծրագրի մասին խոսք լինել չի կարող, եթե հաշվի չառնվի Ռուսաստանին ուկրաինական չորս շրջանի միացման փաստը։ Նա ընդգծել է, որ Մոսկվա-Կիև խաղաղությունը հնարավոր է միայն այդ իրողության ճանաչման դեպքում:
Պեսկովն անդրադարձել է նաև Սերբիայի և Կոսովոյի շուրջ լարվածությանը, նշել՝ Մոսկվան աջակցում է Բելգրադի որոշումներին: Նա հավելել է, որ այս համատեքստում Ռուսաստանի «կործանարար ազդեցության» մասին հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ:
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ
Չինաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Չժենչժոու քաղաքի կամրջի վրա թանձր մառախուղի պատճառով բախվել է 200 մեքենա, զոհվել է առնվազն մեկ մարդ, կան վիրավորներ՝ տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները։ Պատահարի վայր են ժամանել 11 հրշեջ մեքենա և 66 փրկարար։