Եկող տարի պոլիկլինիկաները ավելի երկար կաշխատեն: Ժամերը դեռ վերջնական չեն, բայց այս պահի դրությամբ նախատեսվում է, որ առաջնային օղակի այդ հաստատությունների դռները բաց կլինեն առավոտյան ժամը 8:00-ից երեկոյան ժամը 19:00-ը՝ ներկայիս 9:00-ից 18:00-ի փոխարեն, որպեսզի աշխատող պացիենտներն էլ պոլիկլինիկա այցելելու համար ստիպված չլինեն գործատուից թույլտվություն խնդրել:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Բժիշկների աշխատանքային ժամը՝ 6 ժամ 36 րոպե օրականով, այդ ժամային առումով իրենց մոտ ոչ մի բան չի փոխվում: Այս պահին աշխատում են երկու հերթափոխով՝ 4.5 ժամ, և դրանից հետո՝ կանչեր:
Կանչով տնային այցերի համար նախատեսված 2 ժամը կդառնա 1: Մյուս 1 ժամը կգումարվի հաստատությունում աշխատաժամանակին: Զուգահեռ ծրագրվում է ներդնել հեռաբժշկությունը, ինչը թույլ կտա պացիենտի հետ ավելի օպերատիվ կապ հաստատել թե՛ զանգով, թե՛ տեսազանգով: Առաջնային օղակի բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում էլ կլինի՝ մինչև 30 տոկոս:
Արտակ Ջումայան - Բայց էդ բարձրացումը չի նախատեսում պասիվ աշխատավարձի բարձրացում, այլ հստակ աշխատանքի դիմաց՝ քանակ, որակ գնահատելու դեպքում արդեն իսկ կլինի աշխատավարձի հստակ բարձրացում:
Հաջորդ տարի գործելու է նաև աորտայի՝ արյան մեծ շրջանառության գլխավոր զարկերակի շերտազատման վիրահատության ծրագիրը, որը կգործի ամբողջ բնակչության համար:
Արմեն Նազարյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Իսկ աորտայի շերտազատումը մի վիճակ է, որը ունի շատ բարձր մահացության աստիճան:
Առողջապահական հաստատությունների շենք-շինությունների արդիականացումը նույնպես գալիք տարվա առաջնահերթություններից է: Կնախագծվեն նոր, տիպային 20 ամբուլատորիաներ՝ գյուղական բնակավայրերի համար: 10 խոշոր մարզային պոլիկլինիկա կվերանորոգվի, 3 բուժկենտրոնների նախագծանախահաշվային աշխատանքներ կսկսվեն: Այս պահին շինաշխատանքներ են ընթանում 13 խոշոր բժշկական կազմակերպություններում, բազմաթիվ հաստատություններում էլ մասնակի վերանորոգումներ են:
Առողջապահության նախարարի տեղակալները, իրենց համակարգման ոլորտներում արված աշխատանքն ամփոփելով, նաև շեշտադրեցին հիվանդությունների կանխագելման, վաղ հայտնաբերման ու բուժման ծրագրերը:
Արմեն Նազարյան - Չարորակ նորագոյացությունների ոլորտում պետության աջակցությամբ մատուցվող ծառայությունները վերջին երեք տարիների ընթացքում ավելացել է շուրջ 3.5 անգամ: Մեծացել է նաև ծառայությունների մատուցումը սրտաբանության և, մասնավորապես, անհետաձգելի սրտային վիրաբուժության ոլորտում: Այս մասով նույնպես ունենք մեծ ավելացումներ: Նախորդ տարիների համեմատ ծառայությունների ֆինանսավորումը շուրջ երկու անգամ ավելացել է:
Հաջողությամբ իրականացվում է նաև ուղեղի կաթվածի ծրագիրը՝ արձանագրեց Արմեն Նազարյանը: Երևանից հետո ծրագիրն այս տարի ներդրվել է Գյումրիում: Հետագայում աշխարհագրությունը կմեծանա: Ընդլայնվելու է նաև անպտղության դեմ ծրագիրը: Թե ինչ ծավալների ու շահառուների նոր խմբերի մասին է խոսքը՝ կհայտարարվի առաջիկայում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան