Պետական ու համայնքային հողերի վրա կառուցված ինքնակամ շինությունները՝ կլինի կիսակառույց թե ավարտուն, հունվարի 1-ից հարկման դաշտ են մտնում: Ֆինանսների նախարարության մշակած նախագիծն արդեն օրենքի տեսք է ստացել, պատասխանատուն ասում է՝ սա ապօրինի շինարարությունը կանխելու կարևոր մի քայլ է:
Օրի Ալավերդյան (ՀՀ ՖՆ եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ) - Մենք ունեինք անշարժ գույքի հարկ ինքնակամ շինության համար, որը կառուցվել է իրեն պատկանող սեփականության վրա, այսինքն՝ մարդը ուներ սեփականության հող, էդ հողի վրա որոշել էր ինքնակամ, առանց նախագծի, առանց համայնքի թույլտվության ինչ-որ շինություն կառուցել, բայց չունեինք պետական ու համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինության անշարժ գույքի հարկ:
Գույքահարկի դաշտ բերելը, ըստ Ալավերդյանի, կբացառի նաև անհավասար մոտեցումը, մինչև այսօր նմանատիպ ապօրինի կառույցների հեղինակներն արտոնյալ կարգավիճակում էին: Թեև գույքահարկը սեփականության հարկատեսակ է, պաշտոնյայի խոսքով՝ դրա բացակայությունը պետք է առիթ չդառնա, որ պետության կամ համայնքի հողի վրա շենք-շինությունների թիվն աճի:
Օրի Ալավերդյան - Համենայնդեպս, չասենք որ բացառվեցին և վերջ, համենայնդեպս, միջավայրն այնպիսին է լինելու, գոնե ֆինանսական առումով, որ էդպիսի որոշումներ կայացնողները մի քանի անգամ մտածեն, հետո նոր կայացնեն որոշում:
Հարկման մեխանիզմը կլինի նույնը, ինչ մնացածի դեպքում է, Ալավերդյանը մանրամասնում է՝ գույքահարկի դաշտ կմտնեն նաև համայնքին կամ պետությանը պատկանող հողի վրա կառուցապատման իրավունք ունեցողները: Վերահսկողությունը կիրականացնի Կադաստրի կոմիտեն: Ֆիննախի ներկայացուցիչը վստահ է՝ ներկա տեխնոլոգիաների պայմաններում բացահայտման գործիքները կան, հիշեցnում է նաև՝ գործադիրը ժամանակ է տվել քաղաքացիներին հաշվառելու ինքնակամ շինությունները:
Օրի Ալավերդյան - Կառավարությունը մի կողմից ասում ա՝ ես հասկանում եմ, կան ապօրինի շինություններ, թույլատրում եմ էդ ապօրինի շինությունները օրինականացնեն, բայց ինչ-որ փուլից հետո նոր կառուցվողը կամ չօրինականացվածը պետք է դառնա հարկվող օբյեկտ, հարկ վճարեն դրանց համար, ըստ այդմ նաև ազդելու իրենց՝ էդ գույքը պահելու հետագա որոշումների կամ նպատակահարմարության վրա, այսինքն՝ եթե կա հարկ, բնականաբար, պետք է մտածեն, եթե դրանից տնտեսական օգուտներ չեն շահում կամ անձնական օգուտներ, ի նկատի ունեմ էդտեղ չեն բնակվում՝ օրինակ, իրենք պիտի որոշումներ կայացնեն դա պահելու նպատակահարմարության մասին:
Ինքնակամ շինությունները հաշվառելու վերջնաժամկետը մայրաքաղաքի դեպքում լրանում է ընդամենը մի քանի օրից՝ դեկտեմբերի 31-ին, դրանից հետո արդեն Երևանում հնարավոր չի լինի օրինականացնել որևէ ինքնակամ շինություն, եթե այն հաշվառված չէ: Կադաստրի կոմիտեն հիմա գերծանրաբեռնված է աշխատում, դեկտեմբերի 26-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում 23.787 ինքնակամ է հաշվառվել, վերջին շրջանում՝ օրական այդ թիվը 400-ի է հասնում, ի դեպ՝ հաշվառվող ինքնակամների գերակշիռ մասը հենց մայրաքաղաքում է: