Վերջին տասը տարում Հայաստանի թռչնաֆաբրիկաները կարողացել են տարեկան միջինը 7-8 տոկոսով ավելացնել թռչնամսի արտադրության ծավալները: Աճը պայմանավորված է նաև պետական ծրագրերով նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:
Սերգեյ Ստեփանյան (ՀՀ թռչնաբույծների միության նախագահ) - Սա երևի միակ ապրանքատեսակն է գյուղատնտեսական արդյունաբերության, որ անընդհատ աճ է ունենում: Կա ներուժ՝ ավելի շատ արտադրելու:
Տեղական արտադրողներն օրական 42-45 տոննա թռչնամիս են արտադրում: Արտադրության ծավալների ավելացումը, սակայն, խոչընդոտների է հանդիպում՝ ասում է թռչնաբույծների միության նախագահը: Տեղական թարմ պաղեցված թռչնամիս արտադրողները ներքին շուկայում սկսել են մրցակցել խոր սառեցված թռչնամիս ներկրողների հետ: Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կանոնակարգերի արտոնությունների ավարտով պայմանավորված` պետք է բարձրանար նաև երրորդ երկրներից ներկրված թռչնամսի մաքսատուրքը, մինչդեռ թռչնամսի դեֆիցիտը կանխելու նպատակով արդեն երեք տարի է` պետական քվոտաներով թռչնամսի ներկրումը շարունակվում է:
Գագիկ Մակարյան (թռչնաբուծական ընկերության տնօրեն) - Ներքին արտադրանքը իրացման շուկայում կազմում է մոտ 30 տոկոս, ներկրվածը` 70: Ներկրված թռչնամսի հիմնական մասը բուդն է: Այն ավելի էժան է, քան թե մերի ինքնարժեքը, և խնդիր կա մաքսատուրքերի հետ կապված, քանի որ արդեն երկու տարի է` այդ մաքսատուրքը պետք է բարձրանար մինչև 80 տոկոս, բայց առայժմ՝ մինչև հիմա, 25 տոկոս է:
Դեռ հուլիս-օգոստոսին նկատվեցին ներկրված թռչնամիսը տեղականի անվան տակ վաճառելու դեպքեր: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին և հակամրցակցային հանձնաժողով դիմելուց հետո ներկրվածը սկսեցին մակնշել, սակայն հատկապես Ամանորին ընդառաջ թռչնաֆաբրիկաների տերերը նորից ահազանգում են արատավոր երևույթի մասին:
Սերգեյ Ստեփանյան - Հատկապես Ուկրաինայից և Վրաստանից ներկրվող թռչնամիսը, որն ավելի էժան գնով է ներկրվում՝ օգտվելով քվոտային քաղաքականությունից, շուկա է մտնում, և սառեցված վիճակում ներկրված թռչնամիսը փոխակերպվում է թարմ պաղեցվածի, վաճառքի հանվում որպես թարմ տեղական հավ:
Թռչնակերի թանկացումը բարձրացրել է նաև մսի ինքնարժեքը, մինչդեռ մսի գինը նույնն է մնացել՝ հավաստիացնում են արտադրողները: Տարիներ առաջ թռչնի միս ներկրողներն ընդամենը 14-ն էին, մսամթերքի ավանդական վերամշակողները: Թռչնաբույծների միության ուսումնասիրություններով` հիմա նրանց թիվը հասնում է 70-ի. դրանք հիմնականում մեկանգամյա ներկրողներ են, որ օգտվում են պետական քվոտավորումից: Ներկրվածը տեղականից 100-120 դրամով էժան է վաճառվում:
Սերգեյ Ստեփանյան - Կոնկրետ Վրաստանը Հայաստան ուղարկում է 2-2.5 կիլոգրամանոց բտված թռչուն՝ էժան գնով, իր մոտ նույն թռչունը, բայց՝ 1.5 կիլոգրամանոց, վաճառում է, մեր դրամի վերածելով ասած՝ 200 դրամով ավելի:
Սա ևս կասկածելի է, ահազանգում են թռչնաբույծները: Ներկրման մաքսային արտոնությունները տրվում են շուկայում սպառման ու տեղական արտադրության թվերի վերլուծության հիման վրա: Մաքսատուրքի սակագնային քվոտավորումը կտրուկ նվազեցնելը կբերի թռչնամսի պակասի, հետևաբար` գների բարձրացման, հավաստիացնում են էկոնոմիկայի նախարարությունում:
Էմմա Մովսիսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ) - Հայաստանի Հանրապետության ընդհանուր սպառումը, որը կազմում է 56 հազար տոննա՝ թռչնամսի մասով, դրանից հանում ենք տեղական արտադրության ծավալը, որը կազմում է ընդհանուրի 30 տոկոսը կամ 17 հազար տոննա: Մնացածի մասով 39 հազարի չափով մենք վերցրել ենք սակագնային քվոտա: Մինչդեռ նախորդ տարի մենք վերցրել ենք 44 հազարի քվոտա:
Տեղական արտադրանքի ծավալի աճը հաշվի առնելով` 2023-ին 5000 տոննայի չափով թռչնամսի մաքսատուրքի արտոնությունով ներկրման ծավալը կրճատել են՝ ասում է նախարարության պատասխանատուն:
Էմմա Մովսիսյան - Նախորդ տարիներին մենք փորձել ենք չբաշխել սակագնային քվոտան, որոշակի չափով ռեզերվում պահել: Մասնավորապես, դա տեղի է ունեցել խոզի մսի և տավարի մսի առումով, և տնտեսվարող սուբյեկտների ահազանգերին աչալուրջ լինելով, որ շուկայում կրկնակի բարձրանում է մսի գինը, քանի որ առկա է դեֆիցիտ, մենք հնարավորինս արագ իրականացրել ենք այդ քվոտայի բաշխումը:
Թռնաբույծները, սակայն, համամիտ չեն նախարարության հետ. հավաստիացնում են՝ հակամրցակցային խոչընդոտը վերացնելու երաշխիքի դեպքում գնի բարձրացման չեն գնա, էլ ավելի արագ, ինչպես ձվի արտադրության, այնպես էլ թռչնամսի դեպքում Հայաստանը կդառնա ինքնաբավ: