120 հազար մարդու կյանքի, առողջության և այլ իրավունքներ արդեն 16 օր է` վտանգված են ադրբեջանցի կեղծ բնապահպանների՝ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակելու հետևանքով: Միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների` օրեր առաջ հրապարակած արտահերթ զեկույցը նոր տվյալներով է թարմացվել: Զեկույցում ամփոփվել է նաև ադրբեջանական հանրային խոսույթը, և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները: Հետևությունն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը՝ պաշտոնական ու մերձպաշտոնական մամուլի տարբեր միջոցներով, սոցիալական տարբեր հարթակներով, մեծ լսարան ունեցող քաղաքացիների միջոցով, դեռևս նոյեմբերից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ ՄԻՊ) - Հանրային խոսքի ազդեցություն ունեցող գործիչները, պատգամավորները սկսեցին տարածել այնպիսի տեղեկություններ, թե` իսկ ինչո՞ւ չպետք է փակվի ճանապարհը, ինչու չպետք է տեղադրվեն անցակետեր, ինչու չպետք է ստուգվեն բեռները և այլն, մենք եկել ենք հետևության, որ այս շրջափակումը դեռ վաղուց պլանավորած գործողություն է:
Ստացվում է, որ ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան լայնորեն կիրառել է հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները՝ դրանք տեղավորելով կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։
Զեկույցում ներառվել են նաև նոր երևան եկած փաստեր ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում մարդու իրավունքների վիճակը։ Արցախի ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցում շեշտվել է, որ չի կարող բնապահպանական կազմակերպությունը ստանձնել իշխանությանը վերապահված լիազորություններ:
Քրիստիննե Գրիգորյան - Ոչ կառավարական կազմակերպությունները խոսում են անցակետի մասին, բեռներ ստուգելու, մարդկանց ստուգելու, թույլ տալ- չտալու մասին, ու այս պահանջները կրկնվում են պաշտոնյաների կողմից, գործնականում դա պետիշխանական լիազորության գործառույթ է, տրամաբանության խզումը հենց դա է:
Բնապահպանները Բաքվի հասարակական կազմակերպությունների շիրման են, որովհետև որ ժողովրդավարական երկրում ՀԿ-ները պահանջեն պետշխանական լիազորություն, ու երկրի կառավարությունը բացատրություն ասի` ՀԿ-ները պահանջում են անցակետ դնել, սա զավեշտի ժանրից է:
Ինչպես անել, որ միջազգային հանրության արձագանքը ստեղծված վիճակին շոշափելի և տեսանելի դառնա, օմբուդսմենի խոսքով՝ ՀՀ-ն իր դիվանագիտական ջանքերը պետք է ակտիվ շարունակի` պահանջելով, որ մշտադիտարկող խմբեր ուղարկվեն արգելափակված ճանապարհ:
Քրիստիննե Գրիգորյան - Միջազգային հանրությունը շատ ամորֆ ձևակերպում չէ, խոսում ենք զարգացած պետությունների մասին, պատասխանատու միջազգային կազմակերպությունների մասին, միջազգային դատական տրիբունալների, որոնք որոշումներ են կայացրել, ու դրանց կատարման վերահսկողությունը կոնվենցիոնալ պարտավորություն է, ու դատարաններին անդամ պետությունները պետք է ներկայացնեն տեղեկություններ: Եթե դատարանը բավարարված չէ ու չի կարողանում հետևության գալ, թե ո՛րն է իրականը, դա լավագույն տարբերակն է՝ վերջակետ դնելու իրավիճակի վերաբերյալ տարբեր պնդումներին:
Հաստատված պրակտիկայի համաձայն` զեկույցը կներկայացվի մարդու իրավունքների միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, նաև հասանելի կլինի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ նախաձեռնված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու Հայաստանի պահանջը։