ՄԻՊ գրասենյակը այս տարվա սեպտեմբերի ռազմական գործողությունների վերաբերյալ միայն առաջին օրերին ավելի քան 100 դիմում-բողոք է ստացել: Քաղաքացիները հիմնականում ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների խախտման հիմքով են դիմել, որոնք վերաբերել են սոցիալական ու սեփականության խնդիրներին և ոչ միայն:
Հրանտ Ջիլավյան (ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար) - Վերաբերել են նաև զինծառայողների գտնվելու վայրի վերաբերյալ, ճակատագրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուն: Շատ դեպքերում ազգականներն իրենք են ներկայացրել որոշ տեսանյութեր, լուսանկարներ և այլն, որով մատնանշել են իրենց հարազատին, որպեսզի մենք միջոցներ ձեռնարկենք կյանքի իրավունքի ապահովման կամ ճակատագրի վերաբերյալ տեղեկատվություն տալու մասով:
Բոլոր դիմում-բողոքները ուսումնասիրել է ՄԻՊ աշխատակազմը. իրենց հասանելի այս տեղեկությունը տրամադրել են Կարմիր խաչի կազմակերպությանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակին, քննարկել նաև Պաշտպանության նախարարության հետ: Ամիսներ անց՝ այսօր էլ ոչ նույն տեմպով, սակայն շարունակում են սեպտեմբերյան ռազմական գործողությունների վերաբերյալ դիմում-բողոքներ ստանալ՝ արդեն հիմնականում վիրավորում ստացած զինծառայողների իրավունքների վերաբերյալ:
Հրանտ Ջիլավյան - Հիմա ունենք դիմում-բողոքներ, որ զինծառայողները չեն հաշվառվել սեպտեմբերյան ռազմական գործողություններին վիրավորում ստացած: Հիմնականում հասնում ենք էդ անձանց էդ իրավունքի վերականգնմանը: Կրկին դիմումի հիման վրա քննարկման ընթացակարգ սկսելով, պարզաբանումներ պահանջելով և վերջնարդյունքում հասնում ենք հիմնականում դրական հանգուցալուծման:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են՝ ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին օժանդակելու համար ամենօրյա աշխատանքը շարունակվելու է:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան