Դեկտեմբերի 27-ի նիստում ՀՀ կենտրոնական խորհուրդը որոշել է 2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները: Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների:
Հազար դրամ անվանական արժեքով 1999, 2001, 2011, 2015 և 2018 թթ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ստորև ներկայացվում է հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:
Հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը
Հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը 1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 130 x 72 մմ:
Թղթադրամը տպագրված է Hybrid™բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է:
Թղթադրամը պարունակում է Պարույր Սևակի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ:
Թղթադրամի հիմնական գույնն է մանուշակագույնը: