ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ։
Նիստին ներկա են եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը նշել է, որ օրակարգում է 2023 թվականին նախատեսվող 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթների քննարկումը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 11,36 մլրդ դրամ, այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 5,9 մլրդ դրամ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ սուբվենցիայի կարգում կատարված փոփոխությունների համաձայն՝ այս տարի առաջին անգամ միջգերատեսչական հանձնաժողովում քննարկվում են հաջորդ տարվա սուբվենցիայի հայտերը, որպեսզի հնարավոր լինի համայնքներում հնարավորինս շուտ սկսել շինարարական աշխատանքները։
Միաժամանակ, նախարարը ներկայացրել է սուբվենցիայի համար ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը։
Հիմնական ծրագրերն ուղղված են բնակավայրերի փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզների կառուցմանը և հիմնանորոգմանը, գյուղատնտեսական մեքենասարքավորումների ձեռքբերմանը, խմելու ու ոռոգման ջրերի համակարգերի կառուցմանը և այլ ենթակառուցվածքների զարգացմանը։