Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2022-ի «համար մեկ» խնդիրն անվտանգությունն է: Գնահատականը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցինն է:
Ամփոփելով տարին՝ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները շեշտել են՝ առանձին, մասնավոր դեպքերով հաջողություններ գրանցվել են, սակայն դրանք բավարար չեն՝ խոսելու համակարգային հաջող բարեփոխումների մասին:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ) - Նույն հարցումով եթե մեր կազմակերպությունները դիմեն, և մեկ այլ քաղաքացի դիմի, այդ քաղաքացուն չեն պատասխանում: Այս ընտրողական, հատվածային, ըստ նպատակահարմարության մոտեցումը մեզ ձեռք չի տալիս: Սա այն վարքագիծն է, որը համարում ենք շատ մտահոգիչ, խնդրահարույց՝ իրավունքի գերակայության սկզբունքի և օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքի տեսանկյունից:
Նինա Կարապետյանց («Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ) - Մի դրական բան ասեմ. 2018 թվականից հետո ամենակարևոր երկու բան է տեղի ունեցել ինձ համար: Առաջինը՝ հասարակության գիտակցության մեջ փոփոխություն է տեղի ունեցել:
Շատ շատերը նախկինում խիզախություն չէին ունենա իրենց իրավունքների համար պայքարելու, դրանց մասին բարձրաձայնելու: Օրինակ՝ խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի գործերով մեծ թվով գործեր կան հարուցված: Սա ոչ թե նրանից է, որ Դատախազությունը կամ Քննչականն են սկսել լավ աշխատել, այլ մարդկանց գիտակցության մեջ է փոփոխություն տեղի ունեցել: