Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու գործընթացը նախատեսվում է երկարաձգել ևս 6 ամսով՝ մինչև 2023-ի հուլիսի 1-ը: Ծրագիրը մեկնարկել էր այս տարվա հուլիսից, քարտով կենսաթոշակ կամ նպաստ ստացողները, եթե այդ գումարը ամսվա ընթացքում անկանխիկ եղանակով էին ծախսում, դրան հաջորդող ամսվա վերջին 10 տոկոսի չափով հետվճար են ստանում, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ: Այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է ծրագրի սկզբնական փուլում հաստատված տարբերակը, որի վերջնաժամկետն այս տարվա ավարտն էր, երկարաձգել ևս 6 ամսով:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Շուրջ 580 հազար կենսաթոշակառու-նպաստառուներից այսօր 420 հազարը ստանում են բանկային քարտի միջոցով, և նոյեմբեր ամսվա տվյալներով շուրջ 60 հազար շահառու արդեն ստանում է հետվճար: Հետվճարի միջին չափը բավականին բարձրացել է, և ունենք բանկ, որ 1 շահառուի գծով հետվճարի չափը արդեն գերազանցում է 3500 դրամը: Սա նշանակում է, որ իր միջին կենսաթոշակի 65-70 տոկոսը արդեն անկանխիկ եղանակով է ծախսվում, և դրա դիմաց էլ ստանում են հետվճար, և սա, անուղղակիորեն իհարկե, բերում է կենսաթոշակների բարձրացմանը նույնպես:
Կենսաթոշակառուներն ու նպաստառուները նոյեմբերին 2.2 մլրդ դրամի անկանխիկ գործարքներ են իրականացրել, հետվճարի գումարը կազմել է 185 մլն դրամ, քանի որ որոշ դեպքերում կամ 50 հազար դրամից ավելի գործարք է իրականացվել, կամ մեր երկրից դուրս է գումարը ծախսվել: Այս պահին 4 բանկ է ծրագրին միացել, որոնք սպասարկում են կենսաթոշակառուների մոտ 60 տոկոսին: Առաջիկայում, ըստ փոխնախարարի, գուցե ևս մեկ բանկ ավելանա:
Դավիթ Խաչատրյան - Առաջին ամսում շուրջ 15 հազար ենք ունեցել շահառու, և այս թիվը թե՛ շահառուների մասով, թե՛ անկանխիկ գործարքների, թե՛ հետվճարի բոլոր ցուցանիշները պարբերաբար բնականոն եղանակով ամեն ամիս աճ են գրանցում, 25-30 տոկոս մոտավորապես աճ ենք ունենում: Տարեցների համար մի փոքր դժվար է սովորույթները, վարքագիծը փոխել, բայց արդյունքները արդեն իսկ ասում են այն մասին, որ դրանք աճող են, և հնարավոր է, որ, վերջիվերջո, եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը անցնի արդեն անկանխիկ:
Պետությունն ու բանկը 10 տոկոս հետվճարը հավասարաչափ են տալիս, և բանկերի ցանկությունն է՝ միանա՞լ, թե՞ ոչ նախագծին: Սա ավելի շատ սոցիալական պատասխանատվության հարց է՝ ընդգծում է Դավիթ Խաչատրյանը: Անկանխիկ գործարքների աշխարհագրության մասով էլ նախարարի տեղակալը ընդգծում է՝ սկզբում ամենաակտիվը Երևանն էր:
Դավիթ Խաչատրյան - Բայց անկանխիկ գործողությունների մասին օրենքի կիրառումը, երբ որ սկսվեց իրականացվել հուլիսի 1-ից, այսինքն՝ բոլոր խանութներում, վաճառքի կետերում, ծառայություններ մատուցող օբյեկտներում POS-տերմինալի լինելը երբ պարտադիր դարձավ, դրանից սկսած փոփոխվել է իհարկե պատկերը, և արդեն մարզ-Երևան հարաբերակցությունը 50/50 է դարձել: Ակտիվ մարզերը հիմնականում՝ Սյունիք, Կոտայք, Արագածոտն՝ ինչ-որ տեղ:
Նախագիծը կքննարկվի Կառավարության առաջիկա նիստում: Պետությունը դիտարկում է հետագայում գուցե ձևաչափի որոշ փոփոխություններով, բայց ծրագիրը շարունակական դարձնելու հարցը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան