Արդեն ավելի քան կես ամիս փակ Լաչինի միջացքի խնդիրը միավորել է Ֆրանսիայի տարբեր քաղաքական դիրքորոշում ունեցող ուժերին: Առանցքային կուսակցությունների առաջնորդները համատեղ բաց նամակ են հրապարակել Ֆրանսիայում ամենամեծ լսարանն ունեցող «Լը մոնդ» օրաթերթում՝ հայցելով Ֆրանսիայի նախագահի միջամտությունը՝ Արցախի և Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար։ Նրանք հիշեցրել են, որ Ադրբեջանը գրավել է Արցախի հայ բնակչությանն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, ինչը ստեղծել է հումանիտար մեծ աղետի վտանգ: 120 հազար մարդ, որոնց թվում՝ 30 հազար երեխաներ, զրկված են կենսական պաշարներից, այդ թվում՝ սննդից և բժշկական անհրաժեշտ միջոցներից: Երեք օր շարունակ Ադրբեջանը անջատել էր նաև գազամատակարարումը՝ զրկելով Արցախի բնակչությանը ջեռուցումից ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում՝ ասված է նամակում:
Այս իրադարձությունը 2020 թվականի սեպտեմբերին մեկնարկած՝ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումների սրման նոր փուլի սկիզբ է, նաև՝ թե՛ միջազգային իրավունքի, թե՛ Ժնևի կոնվենցիաների, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբում կայացած բանակցությունների կոպիտ խախտում: Հիմքեր կան կարծելու, որ Ադրբեջանը կանգ չի առնելու այսպիսով և կշահագործի ցանկացած առիթ՝ ապակայունացնելու և հալածելու համար Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին՝ հայտարարված էթնիկ զտման նպատակով: Ադրբեջանի գործողությունները՝ պատերազմական փաստագրված ոճրագործությունները, էթնիկ ատելության տարածումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումը և նրա ինքնիշխան տարածքի մի մասի ապօրինի օկուպացիան, քաղաքացիական բնակչության դեմ կրկնվող հանցագործությունները այլևս անթույլատրելի բնույթ են կրում, ինչը ցանկացած այլ հանգամանքներում Ֆրանսիային կդրդեր միջամտել: Ավելին՝ վտանգված է բարեկամ մի ազգ՝ «Մեր արիասիրտ փոքրիկ դաշնակից Հայաստանը», ինչպես ասել է Ժորժ Կլեմանսոն:
Քաղաքական ուժերի առաջնորդները շեշտել են՝ կան հիմնարար արժեքներ, որոնք միավորում են ֆրանսիացի ժողովրդի ընտրած սենատորներին և պատգամավորներին՝ անկախ ներքին տարաձայնություններից և քաղաքական փոխադարձ տեսլականների տարբերություններից: Նկատել են, որ Ֆրանսիան և հայերը կապված են բազմադարյան մշակութային, քաղաքական, տնտեսական բազմաթիվ թելերով:
Ֆրանսիայի ազդեցիկ քաղաքական գործիչները կոչ են անում անուղղելին կանխելու համար անհապաղ միջամտել և ձեռնարկել հետևյալ միջոցները՝
դատապարտել Ադրբեջանին միջազգային իրավունքի դրույթների խախտման, Հայաստանի տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար, Արցախում նախատեսել հումանիտար ներկայություն և Հայաստանին ցուցաբերել անհապաղ տնտեսական օգնություն, հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ, միջնորդել, որպեսզի Եվրոպական միության և ԱՄՆ գործընկերները նույն քայլերը ձեռնարկեն, և սահմանել նրանց հետ Ադրբեջանի հանդեպ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ, ջանքեր գործադրել վերագործարկելու համար Ստեփանակերտի օդանավակայանը և ապահովելու Արցախի հետ օդային կապի անվտանգությունը, հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միջազգային խաղաղապահ զորախումբ ուղարկելու հեռանկարով:
Դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ֆրանսիացի խորհրդարանականները հայտարարել են, որ այսօր հնարավոր է կանխել պատմության կրկնությունը և ուղղել նրա անարդարություններից մեկը: «Դուք կարող եք այսօր ապացուցել ազգերի հանրությանը, որ Ֆրանսիան մեծ է և հավատարիմ համաշխարհային արժեքներին, իր իսկ բարոյական պարտքին և պատվին»,- ընդգծված է նախագահ Մակրոնին ուղղված բաց նամակում:
Հեղինակ՝ Անի Օհանյան