ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քննչական կոմիտեի որակավորման և կարգապահական հանձնաժողովների հետ։
Կոմիտեի նախագահը բարձր է գնահատել անցնող տարվա ընթացքում երկու հանձնաժողովների անդամների կատարած գերհագեցած և նվիրված աշխատանքը։
Ընդգծելով որակավորման հանձնաժողովի դերը Քննչական կոմիտեն որակյալ կադրերով համալրելու, քննիչների առաջխաղացման և ատեստավորման գործընթացներում՝ նա նշել է, որ հանձնաժողովի անդամների ընդգծված պահանջկոտ, անաչառ և արդար մոտեցման արդյունքում քննիչ դառնալու հայտ ներկայացնող քաղաքացիները, ատեստավորվող քննիչները սկսել են շատ ավելի պատասխանատու մոտենալ քննական գործընթացներին, իրենց ինքնազարգացմանը։ Վերջինս դարձել է համակարգը որակյալ, բանիմաց, պատասխանատու մասնագետներով հագեցնելու կայուն մեխանիզմ։
2022 թ. ընթացքում որակավորման հանձնաժողովի աշխատանքը բարդ է եղել հատկապես այն պատճառով, որ ատեստավորման գործընթացը խտացվել է տարվա երկրորդ կեսին՝ նպատակ ունենալով բարձրացնել հուլիսի 14-ից ուժի մեջ մտած Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերին քննիչների տիրապետման մակարդակը։
Կարգապահական հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել նաև քննիչների կարգապահական խախտման հարցերի քննարկումներում հանձնաժողովի կողմից պրոֆեսիոնալիզմի, անաչառության բարձր նշաձողերով առաջնորդվելու իրողությունը։ Այն խիստ կարևոր է հարուցվող կարգապահական վարույթների, ինչպես նաև կիրառվող պատասխանատվության միջոցների արդարացիության մեջ քննչական կոմիտեի ծառայողների համոզվածության ձևավորման տեսանկյունից։ Ըստ կոմիտեի նախագահի՝ հանձնաժողովի արդարացի արձագանքն ունի կարգապահական խախտումների համար զսպող և նախականխող նշանակություն։
Արգիշտի Քյարամյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկու հանձնաժողովների՝ ՀՀ քննչական ծառայության ներկայացուցիչ չհանդիսացող անդամներին՝ բազմազբաղ լինելով հանդերձ հանձնաժողովների նիստերին բարեխղճորեն մասնակցելու, իրենց մասնագիտական աջակցությամբ որակ և օբյեկտիվություն հաղորդելու համար։
Որակավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Արմեն Խաչատուրյանը և Կարգապահական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը վստահեցրել են, որ նույնպիսի նախանձախնդրությամբ և սկզբունքայնությամբ աշխատանքները շարունակելու են նաև հետագայում։
Արգիշտի Քյարամյանը երկու հանձնաժողովների անդամներին իրենց կատարած հսկայածավալ և արդյունավետ աշխատանքի համար արժանացրել է խրախուսական պարգևատրումների, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ որակավորման հանձնաժողովը կազմված է 9 անդամից, որոնցից 5-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ, իսկ 4-ը՝ իրավաբան-գիտնականներ։ Իսկ ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած 4 ներկայացուցչից: Հանձնաժողովների անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է: