Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները տոնական հանդերձանքով կազմ-պատրաստ սպասում են տարեվերջյան հանդեսին:
Հյուրեր ունեն այսօր, երեխաներին այցելել են վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր հետ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու նրա տեղակալը: Մանուկների տանը տոնը սկսված է:
Տոնական տրամադրությունը մանկատանը դեռ կպահպանվի, Ձմեռ պապը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ նվերներ էր ուղարկել: Այս տարին նախորդից տարբերվում է՝ երեխաները անհատական նամակներ էին գրել: Իհարկե բոլորը ստացան այն, ինչ ցանկանում էին:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 116 սաները վերջինն էին շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատություններում ապրող ավելի քան 940 երեխաներից, որոնց համար, Ամանորին ընդառաջ, վարչապետի ֆոնդից տրամադրված շուրջ 12 մլն դրամով ձեռք են բերվել երեխաների անհատական նամակներում գրված նվերները:
2013-ից հատուկ կարիքներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքի կենտրոն դարձած Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը 116 սան ունի: Գրեթե կեսը հանրակրթական հաստատություններ են հաճախում՝ նախորդ տարվա 16-ի փոխարեն՝ նկատում է տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մաթևոսյանը: Երեխաների զբաղվածությունն ապահովելու համար մանկատանը նաև մի շարք խմբակներ են բացել:
Տաթևիկ Մաթևոսյան (ՀՀ ԱՍՀՆ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի պաշտոնակատար) - Էս տոնածառը ամբողջությամբ երեխաների ձեռքի աշխատանքն ա, կավի սենյակի արդյունքն ա: Շատ հանգստանում են, սիրում են, նույնիսկ ունենք երեխաներ, ովքեր թեկուզ մի քիչ ջղայնացած են, իջնում են ներքև, կավի հետ աշխատում են, ու ջղայնությունը անցնում ա:
Կավի սենյակը նորություն է մանկատան սաների համար, մեկ տարի չկա, որ գործում է: Խմբակների նպատակը միայն զբաղեցնելը չէ՝ նշում է մանկատան մեթոդիստը, այս սենյակներում երեխաները նաև զարգանում են: Ունեն նաև էրգոթերապիայի սենյակ:
Ռուզաննա Մուրադյան (ՀՀ ԱՍՀՆ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան համակարգող մեթոդիստ) - Որտեղ սովորում են կենցաղային հմտություններ նաև, փոքրիկ խոհանոց ունենք, նաև զարգացնում են երեխաների մանր շարժունակությունը:
Ռուզաննա Մուրադյան - Սա մեր գրադարանն է, որը կիրառվում է ոչ միայն գրադարան, երեխաները որպես խմբակ են գալիս էստեղ, հեքիաթներ են լսում, այն երեխաները, ովքեր կարողանում են կարդալ, հեքիաթներ են կարդում, դիտում են հայկական ֆիլմեր:
Հովհաննես Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ Մարի Իզմիրլյանի անվան մանկատան գրադարանավար) - Այստեղ ավելի շատ փորձում ենք ապահովել երեխաների ժամանցը, ովքեր չեն կարողանում, գլոբալ ընթերցանություն ենք կազմակերպում, ինքնուրույն եթե կարողանում են՝ փորձում ենք տառաճանաչություն սովորեցնել, մի խոսքով՝ պարապմունքների միջոցով յուրաքանչյուրին իր հետաքրքրությունների շրջանակում փորձում ենք ծառայություններ մատուցել: Տարված են գրքերով և շատ են սիրում կարդալ:
Սա ամենը չէ. կան նաև ձեռքի աշխատանքի, երգի ու պարի խմբակներ, սովորեցնում են վարսավիրություն, ունեն համակարգչային սենյակ:
Տաթևիկ Մաթևոսյան - Միջոցառումից տեսաք, որ երգերը շատ էին, ամենասիրած զբաղմունքն ա երգելն ու պարելը, մի փոքրիկ երաժշտությունից սարքում են տոն:
Քանի որ երեխաների համար տոն է նաև կավի հետ աշխատանքը, արդյունքն էլ` առավել քան գոհացնող, որոշել են արդեն հաջորդ տարի կավե աշխատանքները ցուցադրության ու նաև վաճառքի հանել: