Արմեն Նազարյանն ընդգծել է, որ չարորակ նորագոյացությունների բուժման ծրագրով պետության աջակցությամբ վերջին 3 տարվա ընթացքում շուրջ 3.5 անգամ ավելացել են մատուցվող ծառայությունները: Պետության ֆինանսավորմամբ` տարեցտարի մեծացել է նաև սրտային վիրահատական ծառայությունների ծավալը:
«Հարկ է նշել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է մի շարք նոր ծառայությունների ներդրում, մասնավորապես` 2023 թվականին կմեկնարկի աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիրը: Մեծ հաջողությամբ իրականացվում է նաև սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, որը գործում է Երևանի մի քանի կլինիկաներում: 2022 թվականին ծրագիրը ներդրվել է նաև Գյումրիում»,- նշել է Արմեն Նազարյանը:
Փոխնախարարն անդրադարձել է նաև առողջապահական համակարգի արդիականացման ծրագրին` նշելով, որ շուրջ 50 բժշկական կազմակերպություններ հիմնանորոգվում և մասնակի վերանորոգվում են:
Արտակ Ջումայանը մանրամասնել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման և էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավման ուղղությամբ 2022 թվականին իրականացված աշխատանքները:
«Հաշվի առնելով, որ առողջության առաջնային պահպանումը առողջապահության գերակա ուղղություններից է, մեծ ուշադրություն է դարձվում թե՛ շենքային պայմանների բարելավմանը, թե՛ բուժօգնության որակի բարձրացմանն ու ծառայությունների ընդլայնմանը»,- ասել է Արտակ Ջումայանը:
Փոխնախարարները պատասխանել են լրագրողների հարցերին, այդ թվում` Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի և բուժօգնության կարիք ունեցողների տեղափոխման ու ծառայությունների մատուցման վերաբերյալ: